Ես ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ ՀՀ-ը, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում, և բոլոր կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին նույնպես ՀՀ-ն կունենա բարձր տնտեսական աճ: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք վստահ ենք, որ առնվազն պետական բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կապահովենք, բայց սա շատ զուսպ և շատ պահպանողական գնահատական է: Մեծ հավանականությամբ՝ ավելի բարձր տնտեսական աճ կունենանք»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նաև արձանագրեց, որ 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը վերջին 5 տարիների համեմատ:
«Սա այլոց շարքում նաև ժողովրդագրության ոլորտում Կառավարության վարած քաղաքականության արդյունքն է: Նաև ուզում եմ արձանագրել, որ սա առողջապահության ոլորտում ՀՀ Կառավարության վարած քաղաքականության արդյունքն է: Մենք շատ լավ ցուցանիշ ունենք. մեռելածինների թվաքանակի էական նվազում ունենք, դա նշանակում է, որ առողջապահության ոլորտում մեր կողմից վարվող քաղաքականությունը դառնում է ավելի ու ավելի արդյունավետ, որովհետև ոլորտում սպասարկման որակի բարձրացման մասին է վկայում ոչ միայն աշխատավարձերի բարձրացումը, ոչ միայն պետպատվերի շրջանակում առողջապահական հիմնարկների ֆինանսավորման մեծացումը: Ուզում եմ ընդգծել, որ մենք տնտեսական արդիականացման ծրագրի շրջանակներում որոշում կայացրեցինք լիզինգի ծրագրի վերաբերյալ. առողջապահական հիմնարկները կարող են իրենց անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները ձեռք բերել: Այստեղ խնդիրը ոչ միայն մասնագիտական հմտությունների մեջ է, այլև ժամանակակից տեխնիկայի թիվը մեր առողջապահական հիմնարկներում շատանում է, ինչը շատ էական է»:
Փաշինյանը կարևորեց այն, որ մահացությունների ամենացածր ցուցանիշն ունենք: «Այս առումով էլի պետք է վերադառնամ և խոսեմ կորոնավիրուսի համավարակի կառավարման մեր ցուցանիշների և որակի և մահացությունների հետ կապված: Այս հարցը կապ ունի նրանով, որ մենք ճիշտ էինք կարդում և ճիշտ էինք հասկանում իրադրությունը և ճիշտ որոշումներ էինք կայացրել, և այդ որոշումների շնորհիվ է, որ մենք գործնականում վերջին 5 տարիների ընթացքում մահացության ամենացածր ցուցանիշն ունենք ՀՀ-ում, և բնական աճը ամենաբարձրն է վերջին 5 տարիների համար: Մեր բնակչությունը հունվար-օգոստոսին ավելացել է 7150-ով, և սա շատ կարևոր ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այն ծրագրերը, որ մենք իրականացնում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար, կօգնի, որ նրանք ՀՀ-ից չհեռանալու որոշում կայացնեն, և այս բոլոր ցուցանիշների գծով մենք կունենանք ավելի լավ տվյալներ»,- նշեց նա: