ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում:
«Ցանկանում եմ սկսել դրական մեջբերմամբ և փաստել, որ շատ անդամ երկրներում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացմամբ մենք իրական առաջխաղացում ենք արձանագրում ներառման և մասնակցության առաջնահերթությունների մասով:
Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող կանանց ձայնը դեռևս բավարար լսելի չէ, քանի որ հաշմանդամություն ունեցող կանայք չեն մասնակցում որոշումների կայացման գործընթացներին ինչպես կառավարություններում, այնպես էլ խորհրդարաններում:
Սակավ հասանելիությունը խթանում է կախվածությունը՝ զգալիորեն թուլացնելով հաշմանդամություն ունեցող կանանց: Ընտանիքի անդամից նյութապես կախված լինելու հանգամանքը միանշանակ խոչընդոտ է ընտանեկան բռնության դեպքեր արձանագրելու հարցում: Հաշմանդամություն ունեցող կանանց համար ընդհանուր առմամբ տնից հեռանալու վախը, մեղմ ասած, սարսափելի է դարձնում իրավիճակը:
Մենք պետք է տեղյակ լինենք այդ բոլոր խոչընդոտներից և միասին աշխատենք՝ հաղթահարելու հասարակության առջև ծառացած մարտահրավերները և ուսումնասիրելու հաջողության դեպքերը, որոնք հստակորեն արձանագրվել են ելույթում:
Օրինակներից է Վրաստանը, որը հաշմանդամություն ունեցող կանանց առաջարկում է անվճար իրավաբանական օգնություն, Իսլանդիան, որը նշանակել է իրավունքների պաշտպանության սպաներ, և Սերբիան, որը ստեղծել է «Sound of Soul» հավելվածը, որն օգնության համար տալիս է տեխնոլոգիական լուծում:
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ հաշմանդամություն ունեցող կանայք շատ ավելի խոցելի են զինված հակամարտությունների ժամանակ? թաքստոցների հարմարավետության բացակայության պարագայում: 21-րդ դարում մենք դեռ պետք է խոսենք այս մասին, երբ Ուկրաինայում կանայք պետք է թաքնվեն կամ ստիպողաբար լքեն իրենց տները, ինչպես նախորդ ամիս Լեռնային Ղարաբաղից:
Այսպիսով, ի՞նչ պետք է անենք միասին: Իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել: Առաջին քայլը և մինչ այժմ ամենահիմնականը հաշմանդամություն ունեցող անձանց դպրոցում վաղ տարիքից ընդգրկելն է՝ հասարակության մեջ ինտեգրելու և ընկերներ ձեռք բերելու համար: Ազգային հաշմանդամության քաղաքականությունը պետք է ներառի նաև գենդերային հավասարությունը:
Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ միայն հաշմանդամություն ունեցող կին պատգամավոր իմ գործընկերոջ մասնակցությամբ է հնարավոր եղել ֆիլտրել բոլոր օրենսդրական փոփոխությունները, որոնք գալու են խորհրդարան այս դիտանկյունից:
Ինչքան ավելի շատ հաշմանդամություն ունեցող կանայք ընդգրկվեն խորհրդարանում և կառավարությունում, այդքան ավելի զգայուն և ներառական կլինեն օրենքներն ու ռազմավարությունը»,- ասել է Սոնա Ղազարյանը: