ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մարդկային չափման կոնֆերանսում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Խանդանյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«ԵԱՀԿ-ի խորհրդարանական հարթակն իր գոյության ամբողջ ընթացքում զբաղվել է ԵԱՀԿ տարածաշրջանում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված անվտանգային սպառնալիքների բացահայտմամբ և վերացմամբ՝ իր ամենամյա հռչակագրերի միջոցով:
Իր վերջին՝ Վանկուվերի հռչակագրում, ԵԱՀԿ ԽՎ-ն, ի թիվս մարդու իրավունքներին և հումանիտար ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, կոչ է արել լիարժեք և շուտափույթ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում չլուծված բոլոր հումանիտար հարցերը և կոչ Է արել Ադրբեջանին մասնակցել դրական օրակարգի մշակմանը՝ Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու նպատակով՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ:
Սակայն այս կոչը մերժվել է Ադրբեջանի կողմից, և հակառակ միջոցներ են ձեռնարկվել: Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության շուրջ 10-ամսյա լիակատար պաշարումից հետո սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական ագրեսիան սանձազերծեց այդ մարդկանց դեմ: Արդյունքում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան:
Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները և դրանց հումանիտար հետևանքները կարող են լուծվել միայն քաղաքական-դիվանագիտական միջոցներով, Հայաստանի և Ադրբեջանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման ու ամրապնդման միջոցով: Այս կապակցությամբ ցանկանում եմ ողջունել օրեր առաջ Գրանադայում եվրոպական առաջնորդների և Հայաստանի վարչապետի կողմից ընդունված համատեղ քառակողմ հայտարարությունը, որում ընդգծվում են վերոնշյալ սկզբունքները:
Հարգելի՛ գործընկերներ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը և դրա երրորդ հանձնաժողովը շարունակում են կարևոր հարթակներ մնալ ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանում առկա հումանիտար ճգնաժամերի քննարկման և կարգավորման համար: Ուստի, կարևոր է շարունակել երկխոսությունն այս հարթակում: Վեհաժողովի հաջորդ կանոնադրական նիստը տեղի կունենա Հայաստանում՝ Երևանում, մեկ ամսից, և ես ցանկանում եմ հրավիրել բոլոր մասնակից պատվիրակություններին ակտիվ ներդրում ունենալ աշնանային հանդիպմանը՝ հանուն ավելի խաղաղ, անվտանգ և կայուն ԵԱՀԿ տարածաշրջանի»: