Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների՝ «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում Ռոստոկի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Բյորն Շիֆբաուերը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի պնդմանը, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է իրագործվել, Շիֆբաուերը նշել է, թե սոցիալական ցեղասպանության մասին ևս խոսք կա ցեղասպանությունների մասին կոնվենցիայում, բայց դա հակասական հարց է, և էթնիկ խմբի «ընդամենը տեղահանումը» դեռ ցեղասպանություն չէ: Պրոֆեսորը կոչ է արել չշարաշահել եզրույթի օգտագործումը, թեև Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցանքների և մարդկության դեմ կատարված հանցանքների փաստը չի կարող բացառել: Նրա խոսքով՝ հանցագործությունները պետք է բացահայտվեն և պատժվեն՝ համաձայն միջազգային իրավունքի:
Շիֆբաուերը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքում տեղի ունեցածը իրավաբանորեն ճիշտ կլինի բնութագրել որպես «բնակչության արտաքսում և բռնի տեղահանում»:
Անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորների հարցերին՝ Շիֆբաուերը նշել է, որ ստեղծված իրավիճակը չի կարող իրավական որևէ արդարացում ունենալ: Նա կոչ է արել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին՝ փոխադարձ հայցեր ներկայացնել Միջազգային քրեական դատարան՝ պարզելու պատերազմական հանցանքների առկայության հանգամանքը:
«Միակ փաստն այն է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստիպված է եղել փախչել Հայաստան՝ մահից փախչելու համար: Եվ սրա համար պատասխանատվություն է կրում Ադրբեջանը: Եվ սա մարդու իրավունքների լրջագույն խախտում է»,- նշել է պրոֆեսորը: