Իսրայելում ՀՀ դեսպանությունում 24 ժամյա ռեժիմով շարունակում է գործել թեժ գիծ՝ +972 50 6670345 (ուղիղ հեռախոսակապ), իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարության թեժ գիծը՝ +374 (55) 620111 հեռախոսահամարով, հասանելի է նաև WhatsАpp և Viber հավելվածներով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
«Ըստ առկա տվյալների` հայեր բնակվում են հետևյալ քաղաքներում՝ Երուսաղեմ, Թել Ավիվ, Խայֆա, Պեթախ Թիկվա, Բաթ Յամ: Այս պահին ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան: Երուսաղեմի հայկական եկեղեցին չի տուժել:
Իսրայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: ՀՀ դեսպանության թեժ գիծը գործում է հոկտեմբերի 9-ից, և մինչ օրս ստացված հեռախոսազանգերի ընթացքում տրված հիմնական հարցերը վերաբերում են անհրաժեշտության դեպքում Իսրայելից Հայաստան չվերթների առկայությանը:
Նշենք, որ այս պահին Բեն-Գուրիոնի օդանավակայանը շարունակում է գործել, ավիաուղիներն իրականացնում են չվերթներ։ Դեսպանությունում իրականացվում է նաև ՀՀ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կամավոր գրանցում՝ ըստ իրավիճակի զարգացման անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:
Մինչ օրս արձանագրվել է Թել Ավիվի շրջանում գտնվող Արևելյան միջերկրածովյան միջազգային դպրոցում (The Eastern Mediterranean International School (EMIS)) ուսանող ՀՀ երեք քաղաքացիների ՀՀ վերադառնալու խնդիր, ինչին Իսրայելում ՀՀ դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն: Ըստ իրավիճակի հետագա զարգացումների կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության մեջ: