Եվրոպայի խորհուրդը համարվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության փարոս, և դրա հիմնական նպատակն իր անդամ երկրներում այդ արժեքների պահպանման միջոցով հակամարտությունների կանխմանը մեծապես նպաստելն է: Այդ մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, հավելել՝ Եվրոպայի խորհուրդն այդ հարցում չի հաջողել:
«Եվրոպայի խորհուրդը պետք է առաջ մղի և անգամ արագացնի իր անդամ երկրներում ժողովրդավարացման գործընթացները: Ժողովրդավարական երկրները հակված չեն հակամարտություն հրահրել: Եթե անդամ պետությունները հրաժարվում են պահպանել ժողովրդավարության կանոնները, Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ սահմանի նրանց նկատմամբ, վերանայի նրանց անդամակցության հարցը:
Իսկ ի՞նչ չպետք է անի Եվրոպայի խորհուրդը՝ հակամարտությունները կանխելու համար: Առաջին՝ չպետք է փոխզիջումների գնա ավտորիտար ռեժիմների և բռնապետների հետ: Նրանք չեն հասկանում փոխզիջման լեզուն: ԵԽ-ն պետք է ժամանակին պատժամիջոցներ սահմանի բռնապետների նկատմամբ, չսպասի՝ մինչև շատ ուշ լինի: Երկրորդ՝ ԵԽ-ն չպետք է լինի չեզոք և հավասարակշռված: Սա քաղաքական կազմակերպություն է, և մենք պետք է ունենանք հստակ քաղաքական դիրքորոշում անդամ երկրի կողմից կանոնների աղաղակող խախտումների վերաբերյալ: Մենք չեզոք և հավասարակշռված ենք եղել Լեռնային Ղարաբաղի հարցում, այնքան ժամանակ, քանի դեռ որևէ բան ձեռնարկելու համար արդեն չափազանց ուշ չդարձավ: Մենք չպետք է լինենք չեզոք և հավասարակշռված Հայաստանի և ցանկացած այլ անդամ երկրի հարցում և մի ապագայում մի օր ասենք, որ շատ ուշ է:
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում ԵՄ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում էր նախատեսված: Ենթադրվում էր հինգ ղեկավարների կողմից հայտարարության ընդունում և ստորագրում, որով Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեին միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը, համաձայնեին Ալմա Աթայի հռչակագրի համաձայն սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային հաղորդակցության կապերը բացելուն՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավազորության ամբողջական հարգման վրա, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հարգման վրա: Ադրբեջանի ղեկավարը վերջին պահին հրաժարվեց մասնակցել հանդիպմանը: Ավելին, երեկ Բիշքեկում Ալիևը մեղադրեց վարչապետ Փաշինյանին «արևմտյան միջնորդությամբ տարօրինակ հանդիպման մասնակցելու» նպատաով վեց ժամ Գրանադա թռչելու համար: Ալիևը հայտարարեց, որ եթե Հայաստանը հրաժարվի մասնակցել Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններին, Ադրբեջանը կմտածի՝ մասնակցի արդյոք Արևմուտքի միջնորդությամբ հանդիպումներին: Կարծում եմ՝ որպես Եվրոպայի խորհուրդ, մենք ադրբեջանցի գործընկերներին պետք է հարցնենք. ի՞նչն այն չէ արևմտյան հարթակի հետ»,- նշել է Ջուլհակյանը: