ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ.Ասրյանը, հանդիսանալով «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության 50 տոկոս, այնուհետև՝ 99.9 տոկոս բաժնեմասի բաժնետեր Գ.Ամանշիևայի ամուսինը, փաստացի մասնակցելով Երևան քաղաքի Դավթաշենի 2-րդ թաղամասի 26/13 հասցեի բազմաբնակարան շենքի կառուցապատմամբ զբաղվող հիշյալ ընկերության ղեկավարմանը, ընկերության տնօրեն Ռ.Գևորգյանի հետ, որն իրավասու է եղել գործել ընկերության անունից, տնօրինել ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, կնքել պայմանագրեր, 24.05.2020 թ. կնքված տրանսպորտային միջոցների առուվաճառքի պայմանագրերով «Էռնեստ Կո» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Է. Ղազարյանից ձեռք են բերել 143.940.000 ՀՀ դրամ արժողության՝ թվով 13 միավոր տեխնիկական միջոցներ:
Նշված ավտոտրանսպորտային միջոցների գումարը չվճարելու պայմաններում, 28.09.2020թ. կնքված տեխնիկական միջոցների առուվաճառքի պայմանագրերով, Գ.Ասրյանը և Ռ.Գևորգյանը «Էռնեստո Կո» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Է.Ղազարյանից «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության անվամբ ձեռք են բերել 136.212.000 ՀՀ դրամ արժողության ևս 7 միավոր տեխնիկական միջոցներ՝ դրանց դիմաց «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության կողմից Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի 26/13 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից Է.Ղազարյանին 450.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք բնակարաններ տրամադրելու պայմանով:
Վերը նշված ընդհանուր 20 տեխնիկական միջոցների դիմաց փաստացի չվճարելու, բոլոր պայմանավորվածությունները խախտելու և խոստացված ժամկետում իրենց պարտավորությունները չկատարելու պատճառով Գ.Ասրյանն ու Ռ.Գևորգյանը, որպես երաշխիք, «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը անվանափոխել են Է.Ղազարյանի անվամբ, միևնույն ժամանակ վերջինիցս խնդրել՝ իրենց պարտքով տրամադրել ևս 500.000 ԱՄՆ դոլար, որից 142.737.000 ՀՀ դրամը փոխանցվել է «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության հաշվեհամարին և հափշտակվել Ռ.Գևորգյանի և Գ.Ասրյանի կողմից, իսկ 201.000 ԱՄՆ դոլարը առձեռն ստացել է Գ.Ասրյանը:
«Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության բաժնեմասը ձեռք բերելուց հետո և համոզվելով, որ Ռ.Գևորգյանն ու Գ.Ասրյանը չեն կատարում իրենց պարտավորությունները, Է.Ղազարյանը 2020թ. նոյեմբերի 9-ին Ռ.Գևորգյանին ազատել է «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնից:
Վերը նշված պայմաններում, Գ.Ասրյանը և Ռ.Գևորգյանը, գիտակցելով, որ պայմանավորված ժամկետներում չեն կարող կատարել ստանձնած պարտավորությունները և զրկվելու են ընկերությունը հետ ստանալու հնարավորությունից, նախնական համաձայնության են եկել յուրացման եղանակով հափշտակել «Էռնեստ Կո» ՍՊ ընկերության կողմից նրանց տնօրինմանը, տիրապետմանը, օգտագործմանը փաստացի և իրավաբանորեն ազատ կամքով իրենց հանձնված ու վստահված, «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցները և այդ նպատակով, Է.Ղազարյանի համաձայնության բացակայության և անտեղյակ լինելու պայմաններում, հանձնարարել են ընկերության աշխատակցին՝ «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության անունից հանդես գալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում և հիշյալ ավտոմեքենաները վաճառել իրենց մատնանշած ընկերություններին՝ վերջինիս տրամադրելով Ռ.Գևորգյանի կողմից «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ տնօրենի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում՝ դեռևս 01.10.2020 թ. թվագրմամբ կազմված լիազորագիրը, որից հետո «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերությանը պատկանող 14 տրանսպորտային միջոցները վաճառվել են տարբեր կազմակերպությունների:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ընդհանուր 20 տրանսպորտային միջոցներից հայտնաբերվել և Է.Ղազարյանին է վերադարձվել թվով 10-ը, 2 տրանսպորտային միջոց հայտնաբերվել և ի պահ են հանձնվել դրանք ձեռք բերող կազմակերպությանը, իսկ առանձնապես խոշոր չափերի՝ 110.660.000 ՀՀ դրամ արժողությամբ 8 անուն տրանսպորտային միջոցները՝ Ռ.Գևորգյանի և Գ.Ասրյանի կողմից հափշտակվել են:
Բացի այդ, «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության սեփականատեր ներկայացած Գ.Ասրյանը և ընկերության տնօրեն Ռ.Գևորգյանը 2019-2020 թթ. ընթացքում Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղ. 26/13 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու վերաբերյալ համաձայնության են եկել ՀՀ-ում և արտերկրում բնակվող մի շարք քաղաքացիների հետ, որով պայմանավորված՝ վերջինների և«Ասիամեգաստռոյ» ՍՊԸ-ի միջև կնքվել են բնակարանների ամրագրման կանխավճարի պայմանագրեր, որոնք իր ստորագրմամբ վավերացրել է Ռ․Գևորգյանը։
Դրանից հետո պայմանագրերով նախատեսված կանխավճարները՝ 854.206.720 ՀՀ դրամը, բնակիչները, հիմնականում կանխիկ՝ առձեռն, տվել են Գ.Ասրյանին և Ռ.Գևորգյանին, սակայն նախատեսված երեք տարում շենքի շինարարությունը ավարտելու և իրենց բնակարաններ հատկացնելու խոստումը չի կատարվել, շինարարությունը դադարեցվել է, որի արդյունքում հիշյալ քաղաքացիներին զրկել են վճարած գումարների դիմաց անշարժ գույք ստանալու հնարավորությունից:
Նախաքննության ընթացքում նշանակված դատաշինարարատեխնիկական, դատահաշվապահական (ֆինանսատնտեսագիտական) և դատաապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությամբ և ապացուցողական մի շարք գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019թ. հոկտեմբերից «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության բանկային դրամային հաշիվներ ու դրամարկղ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից մուտքագրված 1․627․798․526 ՀՀ դրամ դրամական միջոցներից Ռ.Գևորգյանի և Գ.Ասրյանի կողմից, նախնական համաձայնությամբ, հափշտակվել է 627.738.746 ՀՀ դրամ:
Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդել է վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ Ռ.Գևորգյանի և Գ.Ասրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել, ինչը բավարարվել է և նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), որոնք համապատասխանում են հանցավոր արարքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին:
Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքներ են դրվել «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ շարժական և անշարժ գույքերի վրա:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:
ՀՀ սնանկության դատարանի 22.11.2021թ. վճռով «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։
ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ կառավարության և ՀՀ գլխավոր դատախազության արդյունավետ աշխատանքի արդյունքում, սնանկության գործով կառավարչի մասնակցությամբ, ներկայացվել է ֆինանսական առողջացման ծրագիր, որի շրջանակներում պարտատերերի խորհուրդը հաստատել է «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ-ին պատկանող՝ Դավթաշեն վարչական շրջանում գտնվող 3 անշարժ գույքերի ուղղակի գործարքով վաճառքի ծրագիրը, ըստ որի՝ նշված անշարժ գույքերը ամբողջությամբ, որպես մեկ միասնական կառուցապատման օբյեկտ, օտարվում է «Քրաուդ Էֆֆորթ Դեվելոփմենթ» ՍՊ ընկերությանը և անշարժ գույքերի իրացումից գոյացած դրամական միջոցները, օրենքով սահմանված և Դատարանի կողմից հաստատված բաշխման ծրագրով, ամբողջությամբ ուղղվելու են ապահովված և չապահովված պահանջների բավարարմանը։
Նշված ընկերությունը, որպես կառուցապատող, պարտավորվելու է ավարտին հասցնել շինարարությունը և բնակարան ձեռք բերած անձանց հատկացնել բնակարանները, հատուցել աշխատողների չվճարված աշխատավարձերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: