ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում՝ «Եվրոպայի խորհրդի դերը հակամարտությունների կանխարգելման, միջազգային կառույցների վստահության վերականգնման և համընդհանուր խաղաղության խթանման գործում» թեմայով քննարկման ժամանակ: Պատգամավորը նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Եվրոպայի խորհրդի և այս վեհաժողովի ապագայի վերաբերյալ երկու դիտարկում կկատարեմ՝ հաշվի առնելով հետխորհրդային տարածքում տիրող իրավիճակը:
Առաջին՝ այսօր Եվրոպայի խորհուրդը մեր ժողովուրդներին կանգնեցնում է իրական ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև բավականին վտանգավոր ընտրության առաջ: Նման տարօրինակ ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մեր կազմակերպությունը լոյալ է մեր ընդհանուր հովանու ներքո այնպիսի քաղաքական ռեժիմների համագոյակցությանը, ինչպիսին Թուրքիայում և Ադրբեջանում են:
Ուստի, խնդրում եմ զգոն լինել, որպեսզի մեր կազմակերպությունը ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության առաջատարը լինելուց չվերածվի ավտորիտար ռեժիմների ջերմոցի:
Երկրորդ՝ անցած 30 տարիների էքսպերիմենտները դժբախտաբար հանգեցրեցին ժողովրդավարության և մարդու իրավունքների փոխակերպմանն իսկական արժեքներից աշխարհաքաղաքական շահերի առաջմղման մեխանիզմի: Սա ոչ միայն մրցակցություն է ստեղծել այսպես կոչված ազատական արժեքների և պահպանողական ավանդույթների միջև, այլև ստեղծել է ժողովրդավարությունը ոչ ժողովրդավարական միջոցներով խթանելու պրակտիկա: Երկակի ստանդարտները, ուժային քաղաքականությունը, նավթն ու գազը միջազգային հարաբերություններում ի հայտ են եկել որպես գերիշխող գործոններ՝ ժողովրդավարական մշակույթի, մարդու իրավունքների և օրենքի գերակայության փոխարեն:
Վերոհիշյալի արդյունքում, ըստ իս, Եվրոպայի խորհուրդը, ցավոք, տասնամյակներ շարունակ ձախողում է իր հիմնական առաքելությունը, այն է՝ հետխորհրդային տարածքում ժողովրդավարական կայունության և անվտանգության ամրապնդումը: Մենք դեռ շարունակական հակամարտությունների և նոր պատերազմների ականատեսն ենք, արձանագրել ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կատարված էթնիկ զտումները: Եվ այդ հանցագործությունը դեռ պետք է հետապնդվի ու դատապարտվի: Պետք է գիտակցենք, որ որոշ անդամներ իրենք էլ դեռ ամբողջությամբ չեն ընդունել ժողովրդավարության ավանդույթներն ու կանոնները, սակայն այս կազմակերպությանը նրանց անդամակցությամբ Եվրոպայում ժողովրդավարությունն ընդհանուր առմամբ սկսեց հետընթաց ապրել:
Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք հստակ ասել՝ Եվրոպայի խորհրդի անդամ ցանկացած երկիր լիակատար իրավունք ունի որոշելու իր ազգային շահերը և հետամուտ լինելու այդ շահերին, բայց միայն խորհրդի հիմնադիր փաստաթղթերին համապատասխան: Միայն այս մոտեցումը կօգնի կանխել պատերազմներն ու հակամարտությունները, կանխել մարդկության դեմ հանցագործությունները կամ ծառայել որպես ժողովրդավարական խաղաղության և բարգավաճման հենակետ: Խորապես հավատում եմ, որ այս կազմակերպությունն անդամ երկրներում ժողովրդավարությունը պաշտպանելու, ժողովրդավարական անցմանն աջակցելու և օրենքի գերակայության իր առաքելությունը շարունակելու ներուժ կունենա, եթե խուսափենք արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության հարցում ընտրովի մոտեցումներից:
Եզրափակեմ խոսքս՝ նկատելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը»: