Կառավարության՝ հոկտեմբերի 12-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ իշխանության «ընդդիմախոսներն ու չարախոսները» անընդհատ ասում էին, թե այս Կառավարությունը կառավարչական հմտություններ չունի և չի կարողանում գործընթացներ կառավարել:
«Բայց պետք է արձանագրեմ, որ մեր միջազգային բոլոր գործընկերներից ստացված ազդակը՝ այս իրադրության հետ կապված, հետևյալն է. իրենք ասում են, որ մենք զարմացած ենք, թե ինչպես կարող է այդպես պատահել, որ երեք օրում երկիր մտնի 100 հազար բռնի տեղահանված, ըստ էության, փախստական, և կառավարությունն ի վիճակի լինի առնվազն նրանց կարճաժամկետ կարիքները հոգալ, նաև միջնաժամկետ կարիքները հոգալ: Իրենք ասում են, որ չեն հիշում նման նախադեպ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Հայաստանում տեղավորելու ծրագիր նախապես չեն ունեցել:
«Մենք ի սկզբանե պլան չենք ունեցել, որովհետև ԼՂ-ից հայաթափումը երբեք մեր պլանների և մեր քաղաքական ցանկությունների, նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ մեր օրակարգում չի եղել: Ինչ որ արվել է, արվել է գործնականում ժամերի և օրերի ընթացքում»,- ասաց վարչապետը, ապա նաև շնորհակալություն հայտնեց հումանիտար կենտրոնի մեր գործընկերներին, կառավարության բոլոր անդամներին, բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, մարզպետներին, քաղաքապետներին, ՀԿ-ներին ու կամավորներին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: