ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընթանում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցի լսումները։ Սեպտեմբերի 28-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի դեմ հայց էր ներկայացրել դատարան:
ՄԻԵԴ նախկին նախագահ, միջազգային իրավունքի պրոֆեսոր Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց երեք կետ՝
-
Դատարանի առերևույթ իրավազորությունը.
-
հայցվող իրավունքների արժանահավատությունը.
-
մեր իրավունքների և հայցվող միջոցների միջև կապը:
1-ին կետի վերաբերյալ նա ասաց. «2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման մեջ դատարանը եզրակացրեց, որ առերևույթ ունի իրավազորություն քննելու այս գործը: Դատարանը հիմքեր չտեսավ 2023-ի փետրվարի 22-ի եզրակացության մեջ վերանայելու այդ եզրահանգումը: Ներկայումս էլ այդ եզրակացությունը վերանայելու պատճառ չկա»:
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը նշեց, որ 2-րդ կետի հարցով սույն գործի համատեքստում դատարանն արդեն վճռել է, որ կոնվենցիայում նախատեսված է, և Հայաստանի կողմից հայցվող իրավունքներն իրապես արժանահավատ են, իրագործելի:
«Դատարանը այս պարագայում ստացել է նույն պահանջը: Սույն դիմումով խնդրում ենք պահպանել և պաշտպանել մի շարք իրավունքներ կոնվենցիայի հոդվածներով նախատեսված՝ ԼՂ-ի հայազգի անձանց համար իրավունքները այն ավելի քան 100 հազար անձանց համար, որոնք ստիպված են եղել փախչել Հայաստան, այն սակավաթիվ անձանց համար, որ մնացել են ԼՂ-ում, և այն անձանց համար, որոնք ապօրինաբար ազատազրկվել են Ադրբեջանի կողմից: Էթնիկ հայերի բոլոր այս խմբերի նկատմամբ խտրականության տարբեր ձևերի հիմքում հենց էթնիկ ծագումն է: Կարևոր է նաև այն, որ Հայաստանը ձգտում է պաշտպանել ԼՂ հայազգիներին էթնիկ զտումից, որը ենթադրում է, որ, կոնվենցիայի համաձայն՝ կա բովանդակային պարտավորություն»,- ասաց նա:
3-րդ կետի վերաբերյալ Սիցիլիանոսը նշեց. «Հայցվող միջանկյալ միջոցները ակնհայտորեն կապված են այն իրավունքների հետ, որոնց պաշտպանությունն ենք հայցում այստեղ, քանի որ միջոցները դատարանի կողմից ցուցվելու դեպքում կերաշխավորեն հենց այդ իրավունքները: Էթնիկ հայերի հարկադրական ելքը կանխելը և նրանց անվտանգ վերադարձի համար պայմաններ ստեղծելը կդադարեցնեն էթնիկ զտումը և դրա խորացումը. ԼՂ-ի քաղաքական ներկայացուցիչների կամ ռազմական անձնակազմի նկատմամբ պատժիչ գործողություններից ձեռնպահ մնալը նույնպես կապահովվի 5-րդ հոդվածի ակնհայտ խախտումների դադարեցումը: Հայցվող միջոցները բոլորը կապված են այն իրավունքների հետ, որոնք հնարավոր է՝ հիմնավոր ճանաչվեն գործի ըստ էության քննության արդյունքում»: