«Մեկն ասել է. «Այնքա՜ն դժվար էր հեռանալ, մի բուռ հող վերցրի իմ հայրենիքից, լուսանկարների ալբոմ և մի տաք հագուստ»»: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի քննության ժամանակ ԼՂ-ից բռնի տեղահանված անձի հարցազրույցը մեջբերեց փաստաբան, միջազգային հանրային իրավունքի մասնագետ Էլիսոն Մաքդոնալդը (Alison Macdonald) տեղի ունեցած իրադարձությունները ներկայացնելիս:
«Այս տեղահանության ողբերգությունը նոր-նոր ենք սկսում ընկալել, պատճառված վնասը սարսափելի է: Բայց մենք այստեղ ենք, որովհետև հնարավոր է՝ ավելի խոր, անշրջելի վնաս պատճառվի, եթե դատարանը հրատապ քայլեր չձեռնարկի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ԼՂ-ի էթնիկ զտումը տեղի է ունենում նաև այս պահին, այն ընթացքում, մինչ իրենք խոսում են:
Մաքդոնալդը տեղեկացրեց, որ շատերը տեղահանության մասին 1 րոպե առաջ են տեղեկացվել:
«Իրոք ողբերգական է: Հեռացել են իրենց պատմական հայրենիքից մի քանի օրվա ընթացքում, պատկերացրեք՝ ինչպիսի հուսահատ վիճակում են եղել: Բազմաթիվ են սրտաճմլիկ պատմությունները: Մի կերպ տեղավորված ավտոմեքենաների և բեռնատարների մեջ՝ րոպեներում հավաքել են մի քանի իր: Նրանք զրկվել են նախնիների հայրենիքից, այն ամենից, ինչ ունեցել են»,- ասաց նա:
Մաքդոնալդն ընդգծեց՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը գրկաբաց ընդունել են, օգնելու են, աջակցելու են նրանց հնարավորության սահմաններում, և աջակցություն կլինի նաև միջազգային հանրությունից: «Սակայն կարևորն այստեղ այն է, թե Հայաստանում ինչ օգնություն էլ տրվի մարդկանց այս խոցելի խմբին, կոնվենցիայով նախատեսված նրանց իրավունքները վերաբերում են Ադրբեջանին, իրավունքները կախված են նրանից, թե արդյոք այս մարդիկ կկարողանա՞ն վերադառնալ իրենց հայրենիք՝ ԼՂ, վայելել իրենց մշակույթը, լեզուն, կրոնը իրենց նախնիների հայրենիքում: Իսկ Ադրբեջանն ամեն կերպ ներկայումս վտանգում և խախտում է այդ իրավունքները: Էթնիկ զտման գործընթացն օրեցօր ամրապնդվում է»,- ասաց նա, ապա հավելեց. «ԼՂ-ի հայկական բնույթն է ոչնչացվում՝ նպատակ ունենալով բացառել նրանց վերադարձի որևէ հնարավորություն»:
Նա հիշեցրեց, որ այս գործընթացի շրջանակում Ադրբեջանը մոտ 300 հետախուզվողի ցուցակ է կազմել, որոնց փորձում են ձերբակալել:
«Առնվազն 8 բարձրաստիճան պաշտոնյա է արդեն ձերբակալվել. անձինք, որոնք կապված են ԼՂ կառույցների հետ, այդ թվում՝ 3 նախկին նախագահներ, նախկին պետնախարար և նախկին ԱԳ նախարար: Ըստ երևույթին, նրանք դատաքննության են սպասում իրենց դեմ ներկայացված, հորինված քրեական մեղադրանքի հիման վրա: Նախագահ Ալիևը ԼՂ ժողովրդավարական եղանակով ընտրված պաշտոնյաներին նկարագրել է որպես «հանցավոր խունտա» և «թունավոր որջ»:
Այս բանտարկյալներին, որքան Հայաստանը տեղյակ է, որևէ հնարավորություն չի տրվել հանդիպելու որևէ անկախ միջազգային դիտորդի, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի հետ: Հայաստանը հիմքեր ունի կարծելու, որ Ադրբեջանն անհայտ թվով անձանց ևս գերեվարել է»,- ասաց նա:
Մաքդոնալդը նաև տեղեկացրեց, որ հայկական մշակութային ժառանգության վրա ևս հարձակում է եղել, և որ այդ ամենն արվում է հայկական մշակույթը ԼՂ-ից վերացնելու համար, «կարծես հայերն այնտեղ եղած չլինեն»:
«Ադրբեջանը ստիպել է ամբողջովին վերացնել ԼՂ ինստիտուտները՝ ԼՂ-ն որպես իրավական սուբյեկտ, և այդ ամենն ուժի մեջ կմտնի 2024-ի հունվարի 1-ից: Ադրբեջանը որևէ կերպ չի բացատրում, թե էթնիկ հայերը ինչպես պետք է տեղավորվեն Ադրբեջանի, այսպես կոչված, «մեծ վերադարձի» ծրագրի մեջ: Ծրագիր, որով [Ադրբեջանը] մտադիր է տարածքը վերաբնակեցնել ադրբեջանցիներով»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ 2 օր առաջ Ալիևը հաստատել է «մեծ վերադարձի ծրագիրը»՝ հայտարարելով, թե հաջորդ 3 տարիներին մոտ 100 հազար ադրբեջանցի կբնակեցվեն ԼՂ-ում:
«Այո՛, այո՛, դա հենց այն թիվն է հայերի, որոնք մի քանի օր առաջ տեղահանվել են. նրա հայտարարության համաձայն՝ ադրբեջանցիների վերաբնակեցում կիրականացվի»,- ասաց նա:
Մաքդոնալդը հիշեցրեց, որ Ադրբեջանը խոչընդոտել է ԿԽՄԿ-ի համար վերջին տարվա ընթացքում ԼՂ մուտք գործելու հասանելիությունը, ապա այս համատեքստում կարծիք հայտնեց, որ ԼՂ հայերի պաշտպանություն պետք է ապահովել ըստ դատարանի, և դա պետք է այսօր, ոչ թե մի քանի տարի հետո:
«Եթե այս իրադարձությունները շարունակվեն ծավալվել, ապա դատելով Ադրբեջանի պահվածքից՝ վերադարձի իրավունքը և դրա հետ կապված ամեն ինչ անիմաստ կդառնան, երբ դուք այս գործով որոշում կայացնեք: Այդ ժամանակ ԼՂ հայերի էթնիկ զտումը ամրապնդված կլինի և կդառնա անշրջելի:
Բայց այս պատմությունը պարտադիր չէ, որ այդպիսի ավարտ ունենա: Դատարանի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու իրավունքը շատ կարևոր է՝ ապահովելու համար արդարադատությունը, և ձեզ կոչ ենք անում իրականացնել արդարադատություն»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Մաքդոնալդը: