Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի հարձակումը լավ մտածված պլանի կուլմինացիան էր: Բայց մինչև այդ տեղի ունեցավ շրջափակումը: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացնելով միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումի հիմքերը և փաստերը՝ հայտարարեց Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը։
«Ինչպես շատ լավ գիտեք՝ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կազմակերպեց Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված, էկոակտիվիստիների կողմից: Նախքան շրջափակումը մոտավորապես 900 փոխադրամիջոց 2500 անձ և 400 տոննա ապրանք էր ամեն օր ազատ տեղաշարժվում ՀՀ-ի և ԼՂ-ի միջև: Ադրբեջանը նրանց ուղարկեց տուն միայն այն բանից հետո, երբ արդեն տեղադրել էր կառավարության կողմից կազմակերպված անցակետ Լաչինի միջանցքի մուտքի մոտ գտնվող Հակարիի սահմանային կամրջի մոտ»,- ասաց Լոուրենս Մարտինը:
Նա հիշեցրեց, որ ապրիլի 23-ից մինչև հունիսի 14-ը Բաքուն շարունակեց թույլ տալ ապրանքների շատ փոքր ծավալ, որոնք բերվում էին ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ-ի աջակցությամբ: Այնուհետև հունիսի 15-ից ի վեր թույլ չէր տալիս որևէ տեսակի որևէ ապրանքի մուտքը: «Ինչո՞ւ: Որովհետև առաջին հերթին Հայաստանը թույլ չէր տվել, որ Ադրբեջանը տեղադրեր իր դրոշը Հայաստանի կողմից սահմանին, և հետո ավելի ուշ Ադրբեջանը պնդում էր՝ ԿԽՄԿ վարորդները փորձում են մաքսանենգ ճանապարհով բան մտցնել ԼՂ»,- նշեց նա:
Փաստաբանը հիշեցրեց, որ ԼՂ-ի էթնիկ հայ բնակչությունը հունիսի կեսից մինչև սեպտեմբերի կեսը որևէ ուտելիք, դեղամիջոց կամ հիգիենիկ պարագաներ կամ որևէ այլ բան չի կարողացել ստանալ: «ՄԱԿ-ի փորձագետների խմբի դիտարկմամբ՝ 2023 թ. օգոստոսի 7-ին արված հայտարարությամբ նշված է՝ արգելափակումը բնակչությանը թողել է սննդի, դեղամիջոցների, հիգիենիկ պարագաների ծայրահեղ պակասի խնդրի առջև, ինչը հանգեցնում է բժշկական և կրթական հաստատությունների գործառնությունների կասեցմանը և լուրջ ռիսկի է ենթարկում բնակիչների՝ հատկապես երեխաների, հաշմանդամություն ունեցողների, հղի կանանց և տարեցների կյանքը»,- ասաց նա:
Լոուրենս Մարտինը հիշեցրեց, որ սեպտեմբերի 19-ի հարձակմանն ընդառաջ՝ գյուղատնտեսական ակտիվ սեզոնի ընթացքում և նույնիսկ փոքր մարդասիրական օգնության մուտքը արգելափակելուց հետո, ադրբեջանցի զինվորները կրակում էին գյուղատնտեսությամբ զբաղվող աշխատողների ուղղությամբ և թույլ չէին տալիս, որ բերք հավաքեն:
«Որոշ էթնիկ հայեր արդեն սովամահ էին եղել, մնացած սննդամթերքի պաշարները խիստ բաժանված էին, մարդիկ ժամերով կանգնած էին հերթերի մեջ»,- ասաց նա:
Նա նաև ընդգծեց այն փաստը, որ սեպտեմբերի 18-ին՝ զարմանալիորեն, ամիսների բանակցություններից հետո, ԿԽՄԿ-ին և ՌԴ Կարմիր խաչին թույլ տրվեց Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով բերել սահմանափակ մարդասիրական ապրանքներ: «Այս քայլը ողջունվեց ամբողջ աշխարհի կողմից որպես լուծմանը միտված քայլ: Տպավորություն էր, որ ճգնաժամը կարող էր լուծվել, բայց դա թվացյալ էր: Հարձակումը տեղի ունեցավ հաջորդ օրը:
Իրականությունն այն է, որ հարձակումը հստակ նախապատրաստված էր: Դրան նախորդել էին շաբաթներ շարունակ Հայաստանի հետ սահմանի և շփման գծի երկայնքով ԶՈՒ և ծանր ռազմական տեխնիկայի կուտակումները: Ադրբեջանի պնդումները դրա մասին սահմանափակվում էին հակաահաբեկչական գործողությամբ, այնուամենայնիվ, դրանց մասշտաբներն ու արդյունքները չէին համապատասխանում:
Միջազգային հանրությունն արագորեն դատապարտեց Ադրբեջանի նոր հարձակումը, և հաջորդ օրը Ադրբեջանը հայտարարեց հաղթանակ և տեղական իշխանության նկատմամբ իր գերիշխանությունը, պահանջեց, որ նրանք ցած դնեն բոլոր զենքերը և հանձնվեն: Նրանք ստիպված էին լուծարել ժողովրդավարորեն ընտրված կառավարությունը և այլ հաստատությունները մինչև տարեվերջ»,- հիշեցրեց փաստաբանը:
Նրա համոզմամբ՝ Էթնիկ հայերը ճիշտ էին ԼՂ-ից փախչելով: «Հարձակումից օրեր անց Ադրբեջանը սկսեց ապօրինի կերպով ձերբակալել ԼՂ քաղաքական և ռազմական դերակատարներին. մինչ օրս 8 այսպիսի գործիչներ են ձերբակալվել, այդ թվում՝ 3 նախորդ նախագահները: Բաքուն դեռ ունի հետախուզման մեջ գտնվող 300 անձի անուն: Ադրբեջանը նաև արագորեն շարժվում է հայաթափելու, հայազրկելու և հայկական նշանները ԼՂ-ից վերացնելու ուղղությամբ: Ի թիվս այլոց՝ նա վերանվանում է Ստեփանակերտի փողոցները: Վաղարշ Վաղարշյանի փողոցը վերանվանել է Էնվեր փաշայի անունով: Էնվեր փաշան, ինչպես կարող եք հիշել, Օսմանյան կայսրության ռազմական սպաներից էր, որ 20-րդ դարի սկզբի Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից էր»,- ասաց Լոուրենս Մարտինը: