Կառավարությունը հոկտեմբերի 12-ի նիստի ժամանակ հաստատեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի կամ կրթական աստիճանի:
Կառավարության ճեպազրույցների ժամանակ թեմային անդրադարձավ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մեզ համար առաջնահերթ է ուսանողների կրթության իրավունքի վերականգնումը, որոնք ընդհատել են իրենց կրթությունը ԼՂ-ից բռնի տեղահանման պատճառով, և այսօր էլ Կառավարության նիստում կայացվեց որոշում, որ ուսանողներին տրամադրելու ենք կրթաթոշակ, և բոլոր ուսանողները՝ թե՛ քոլեջների, ուսումնարանների, թե՛ բուհերի, հնարավորություն են ունենալու իրենց կրթությունը շարունակել»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ արդեն ավելի քան 500 ուսանող դիմել է ՀՀ բուհեր, քոլեջների մասով ևս մի քանի հարյուր ուսանող դիմել է:
«Բոլորն էլ առաջիկա օրերին կընդգրկվեն մեր կրթական հաստատություններում, և վստահ եմ, որ բոլորի կրթությունն էլ շատ կարճ ժամանակում կկարողանանք ապահովել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ուսուցիչներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նրանց կտրվի արտամրցութային կարգով ՀՀ ուսումնական հաստատություններում աշխատանքի անցնելու, ինչպես նաև աշխատավարձի հավելավճարի հնարավորություն: Ընդ որում՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, նաև Գեղարքունիքի և Տավուշի որոշ համայնքներում նրանք, բացի այդ 30 տոկոս հավելավճարից, կստանան ամսական ֆիքսված 50 հազար դրամ: