World Population Review կազմակերպությունը կազմել է 2023 թվականի աղյուսակը՝ ներկայացնելով հանցավորության մակարդակն ըստ երկրների, և այդ աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 9-րդ տեղը: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 12-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն առանձնացրեց մի քանի գործոն, որոնք ապահովում են նման միջավայր:
«Եթե չեմ սխալվում, 2019-ին մենք քրեական ենթամշակույթի հետ կապված օրենսդրական փաթեթ ընդունեցինք, որով քրեական աստիճանակարգության մաս լինելը և քրեական աստիճանակարգություն ստանալը համարվեց քրեական հանցագործություն:
Կարծում եմ՝ մենք այս միջազգային գնահատականով նաև ինչ-որ տեղ տեսնում ենք այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքները»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս հարցում իր դերն է ունեցել դատախազության, քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունը և նոր որակը:
«Իհարկե, 9-րդ տեղն աշխարհում շատ բարձր ցուցանիշ է, պետք է խոստովանել, բայց մեր պլան մինիմումը հետևյալն է. մենք այս ցուցանիշից պետք է չնահանջենք, բայց մյուս կողմից՝ պետք է նաև մեր առաջ խնդիր դնենք, որպեսզի ավելի լավ տեղեր զբաղեցնենք»,- ասաց վարչապետը, ապա շնորհակալություն հայտնեց իրավապահ մարմիններին կատարված աշխատանքի համար, նաև ընդգծեց, որ նման ցուցանիշները երկրներին պատիվ են բերում: