ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրված 100-հազարական դրամի աջակցությունը 52 600 մարդ արդեն իսկ ստացել է, վաղը՝ հոկտեմբերի 13-ին, կստանա ևս 13 500 բռնի տեղահանված: Այդ մասին գործադիրի՝ հոկտեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Նա հիշեցրեց, որ երեխաներին այդ աջակցության տրամադրման համար պետք է դիմեն ծնողները:
«Մենք ընդունել ենք արդեն 23 300 դիմում, որից 15 200-ը մշակված են, մնացած 8100-ը մշակման ընթացքում են:
Մենք արդեն իսկ մշակված 15 200-ից 1800-ի վճարումները վաղը կներառենք այն 13 500-ի մեջ, որոնք կիրականացվեն: Այդ 13 500-ի՝ վաղը կատարվելիք վճարների մեջ ներառված են նաև 4200 նոր քարտատերեր, որոնք այս շաբաթվա ընթացքում քարտային հաշիվներ էին բացել, ևս 7500-ը այն անձինք են, որոնք ավելի ուշ ստացված դիմումների հիման վրա իրավունք կունենան վաղը իրենց 100-հազարականները ստանալ:
Եկող շաբաթվա արդյունքով մենք երեխաներին վերաբերող տվյալների գերակշիռ մասը արդեն ամփոփած կլինենք, և քանի որ 23 300-ից առայժմ 1800-ն է վաղը նախատեսվում վճարել, մնացած մասինը հիմնականում եկող շաբաթվա վճարումների արդյունքում կավարտենք: Այսինքն՝ եկող շաբաթվա ավարտին մոտ կլինենք 85-90 հազար թվին, իսկ արդեն մնացածը կախված կլինի, թե ինչ արագությամբ նոր քարտային հաշիվներ կբացեն և դիմումներ կներկայացնեն»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ վաղվա դրությամբ մոտավորապես 66 հազար մարդու արդեն իսկ վճարած կլինեն, որոնց մի մասը երեխաներ են, ապա հետաքրքրվեց՝ իսկ մյուս 34 հազարը ակտի՞վ չեն քարտային հաշիվներ ունենալու առումով:
Տիգրան Խաչատրյանը արձագանքեց՝ մեծ մասն արդեն իսկ դիմումներ են ներկայացրել, որովհետև եթե մենք 100 հազարից հանենք 66 100-ը, որոնք վճարումներ են ստացել կամ վաղը ստացած կլինեն, ապա մնացածից մոտ 22 հազարը երեխաների դիմումներն են, որոնք մշակման ընթացքի մեջ են:
«Եվս մոտ 7300 երեխայի վերաբերյալ դիմումներ կշարունակենք ստանալ, որովհետև մեր մոտավոր հաշվարկներով՝ ընդհանուր քանակը մոտ 30 հազարին է մոտենալու, իսկ մնացածը, այսինքն՝ եթե մենք 66 100-ը և 20 000-ը համարենք 87 հազար, նշանակում է, որ 14-15 հազար մարդ դեռևս քարտային հաշիվներ բացելու գործընթացը չի ավարտել»,- մանրամասնեց փոխվարչապետը:
Վարչապետն առաջարկեց մյուս շաբաթվա կեսին, երբ դիմումների թիվը նվազի, պետք է կոնտակտի դուրս գալ ԼՂ-ից բռնի տեղահանված այն մարդկանց հետ, որոնք դիմում չեն ներկայացրել, քանի որ գուցե նրանք տեղյակ չեն աջակցությունից կամ չգիտեն` ինչպես դիմել աջակցությունը ստանալու համար: Չի բացառվում նաև, որ կլինեն մարդիկ, որոնք սոցիալական աջակցության կարիքը չունեն:
Փաշինյանը նաև հիշեցրեց՝ ճիշտ է, որոշվել է, որ դրամական աջակցություն ստանալու համար բանկային քարտ ունենալը պարտադիր չէ միայն 75 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցողներին, բայց հետագայում նրանց բանկային քարտ ունենալը կարևոր է: