ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբիլիսի և երկկողմ կամ եռակողմ ձևաչափով բանակցել:
«Այո, դա շատ կարևոր մի հանգամանք է դառնում մեր զրույցի սկզբում իմ ասածի ֆոնին: Տեսեք՝ Գրանադայում տեղի ունեցավ հանդիպում, և Եվրամիության հարթակում արձանագրվեցին սկզբունքները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ մեր և Եվրամիության տեսանկյունից: Հիմա հասկանալի է, որ Բրյուսելում երբ մենք հանդիպենք, խոսակցությունը պետք է տեղի ունենա այս սկզբունքների շրջանակում, որը, ես չեմ ասի, որ համապատասխանում է միայն Հայաստանի Հանրապետության շահերին:
Հայաստանի Հանրապետությունն ընդունել է դա և, իմիջիայլոց, Ադրբեջանն էլ է ընդունել դա, արդեն ասացի: Եվ հիմա, երբ քննարկում ենք Բրյուսելում հանդիպելու հարցը, որտեղ, ըստ էության, շրջանակ ունենք ընդգծելու, և երբ Ադրբեջանը փորձ է անում այլ հարթակ առաջարկել, դա կարող է մեզ մոտ մեկնաբանվել, որ Ադրբեջանն այլ հարթակ տեղափոխելով՝ ուզում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել: Սա է խնդիրը:
Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ եկեք սկզբունքները ֆիքսենք, այդ սկզբունքների տակ ստորագրենք, այդ սկզբունքները հայտարարենք, այսինքն պարզ լինի, թե ինչ շրջանակում ենք խոսում, և որն է լինելու մեր խոսակցության արդյունքը՝ ոչ թե ամբողջությամբ, այլ 70-80 տոկոսով, լավ 20 տոկոսն էլ կարող ենք բանակցելու տեղ ունենալ, որովհետև շատ նրբություններ կան, որ այդ սկզբունքներն արդեն խոսեցինք, այդ հարցերի պատասխանը չեն տալիս, բայց երբ թողնում ենք, այլ հարթակներ ենք առաջարկում, ըստ էության, տպավորություն է, որ առաջարկում ենք այդ սկզբունքները դուրս մղել, և մեր մտավախությունները, Ձեր մտավախությունները, թե կարող է այդ գործընթացի թիկունքում կամ թաքնված պլանը լինել` պրոցես տանել, որը կավարտվի ուժի գործադրմամբ՝ նոր պատերազմով, նոր էսկալացիայով, խորանում են: Մենք դեմ չենք որևէ խոսակցության, բայց մենք դեմ ենք այն տրամաբանությանը, որը մեզ դուրս կբերի արդեն իսկ պայմանավորված սկզբունքների շրջանակից»,- ասաց նա:
Խոսելով 3+3 ձևաչափով հանդիպումների մասին, հարցին` մենք պատրա՞ստ ենք շարունակելու այս թեման, Փաշինյանը պատասխանեց.
«Այո՛, իհարկե պատրաստ ենք, և այդ հանդիպման՝ 3+3 ֆորմատի վերաբերյալ, երբ տեղի է ունեցել հիմնադիր հանդիպումը, այնտեղ նաև որոշակի սկզբունքներ են պայմանավորվել և պայմանավորվածություն ձեռք բերվել: Մենք պատրաստ ենք շարունակել այդ ֆորմատում աշխատանքը և, իմիջիայլոց, ասեմ, որ նաև կարևորում ենք: Ինչո՞ւ ենք կարևորում, որովհետև այնպես չստացվի, և սա մեզ համար երբեմն կրկնվող պրոբլեմ է, որ մենք տարածաշրջանային օրակարգն անընդհատ քննարկում ենք հեռու տեղերում, և չենք քննարկում այս տարածաշրջանում, որովհետև, այնուամենայնիվ, հասկանում ենք, իհարկե միջազգային հանրությունը, մեր գործընկերությունը բոլոր գործընկերների հետ շատ կարևոր է, բայց հանկարծ տպավորություն չստեղծվի մեր տարածաշրջանում, թե մենք մեր տարածաշրջանի երկրների և հարաբերությունների նկատմամբ ունենք, այսպես ասած, քամահրական վերաբերմունք:
Ոչ, ամենևին այդպես չէ, և ընդհակառակը, մեր արտաքին քաղաքականության նրբություններից մեկն այն է, որ կարևորում ենք հենց տարածաշրջանային հարաբերությունները՝ դրանք դուրս չդնելով միջազգային հարաբերությունների ընդհանուր կոնտեքստից: Ես գիտեմ, որ նաև ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 3+3 ձևաչափի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում: Եվ մենք պատրաստ ենք, իհարկե դեռ պետք է լրացուցիչ քննարկվի: Նախ՝ հանդիպումները գոնե մինչև այս պահը տեղի են ունեցել Արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, հիմա նաև պետք է ճշգրտվի, թե ինչպիսի՞ն է կողմերի ընկալումը, ի՞նչ մակարդակով է պետք շարունակել խոսակցությունը, և մենք պատրաստ ենք»:
Վարչապետը մանրամասնեց.
«Այդ ֆորմատում մենք ընդգրկվել ենք, և մինչև այս պահը չի եղել այնպիսի մի դեպք, որ այդ ֆորմատով քննարկումները հետաձգվեն կամ տեղի չունենան մեր պատճառով: Այդպիսի բան տեղի չի ունեցել»: