Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մի շարք պաշտպանական պատնեշներ է տեղադրել Գազայի հատվածի մոտակայքում տարածաշրջանն Իսրայելի ցամաքային գործողությունից պաշտպանելու համար։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյայի հայտարարությունը։
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Հորդանանի և Եգիպտոսի հետախուզական ծառայությունները զգուշացրել են Իսրայելին, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստել է ինքնաշեն պայթուցիկ սարքեր, հակատանկային զենքեր և պաշտպանության այլ միջոցներ անկլավի մոտակայքում, և հատվածի վրա հարձակման դեպքում իսրայելցի զինվորականներին ամեն քայլափոխի վտանգներ են սպասում։ Ավելի ուշ Եգիպտոսը հերքել է տեղեկությունը, ըստ որի, Կահիրեն իբր 10 օր առաջ զգուշացրել է Իսրայելին ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին:
The Washington Post-ը հավելել է, որ պաղեստինցիները կկարողանան հարձակումներ իրականացնել՝ օգտագործելով բարձրահարկ շենքերի լաբիրինթոսը, որտեղ տեղակայված են թաքնված կայազորներ և ականապատ անցումներ: Բուն քաղաքի տակ մի քանի կիլոմետր երկարությամբ թունելներ կան, որտեղ պաղեստինցի զինյալները հեշտորեն կարող են թաքնվել։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երեքշաբթի հայտնել է, որ իսրայելական բանակը պատրաստվում է լայնածավալ հարձակում սկսել Գազայի հատվածի վրա։ Նախարարի խոսքով՝ Գազան երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է։