Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անսպասելի այցով ժամանել է Բրյուսել, որտեղ կմասնակցի Ուկրաինայի պաշտպանության վերաբերյալ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը։
Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն անձամբ է նրան դիմավորել դաշինքի կենտրոնակայանում։ Կոնտակտային խմբի հանդիպումից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Զելենսկուն խոստացել է, որ դաշինքը կշարունակի լիարժեք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:
Euronews-ը հայտնում է, որ Ուկրաինայի նախագահը Բրյուսել է եկել խնդրելու ՀՕՊ համակարգեր՝ ձմռանն ուկրաինական ենթակառուցվածքները ռուսական հարձակումներից պաշտպանելու համար։ Զելենսկին ՆԱՏՕ-ին կներկայացնի նաև F-16 կործանիչների երկար սպասված խնդրանքը։
Եվրոպական երեք երկիր՝ Նորվեգիան, Նիդերլանդներն ու Դանիան, արդեն խոստացել են մատակարարել 60 ինքնաթիռ՝ Ուկրաինային անհրաժեշտ քանակի կեսը։ Բելգիան էլ խոստացել է մինչև 2025 թվականը Կիևին հանձնել շահագործումից հանված F-16-երը։
Զելենսկու օրակարգում է նաև Բելգիայի կառավարության հետ հանդիպումը՝ քննարկելու ռուսական ալմաստների վիճահարույց առևտուրը և սառեցված ռուսական միջոցներից հարկերի գանձումը՝ Ուկրաինային մարդասիրական և ռազմական օգնությունը ֆինանսավորելու համար: