ԼՂ-ում ռուս խաղաղապահների` մնալ-չմնալու հարցը միայն մեզնից չէ կախված կամ մեզնից չէ կախված. այդ թեմայով ՌԴ-ն որոշակի քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ, մեզ հետ էլ ունեն քննարկումներ: Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ խաղաղապահների` ԼՂ-ում մնալ-չմնալու հետ կապված հարցին չի կարող ուղիղ և կոնկրետ պատասխան տալ:
Հարցին` հնարավոր է գան Հայաստան, վարչապետը պատասխանեց.
«Գան Հայաստան` ինչ անեն: Ես դրա մեջ տրամաբանություն չեմ տեսնում, որովհետև նրանք ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբն են, եթե դուրս են գալիս, պետք է գնան ՌԴ, ուրիշ բան` Ադրբեջանով կգնան, թե ՀՀ-ով: Չեմ կարծում, թե դա սկզբունքային հարց է, բայց Հայաստանում իրենց մնալու ոչ մի իրավական հիմք և հիմնավորում չկա և չի կարող լինել»:
Ի տարբերություն խաղաղապահների` ըստ վարչապետի` ռուս սահմանապահների և 102-րդ ռազմաբազայի ճակատագրի հարց առաջանալ չի կարող:
«Չեմ հասկանում հարցը` կապված սահմանապահների և ռազմաբազայի հետ, նրանց մնալու հիմքերը շատ պարզ են, շարունակում են գոյություն ունենալ, և դրանց հետ կապված որևէ հարց չենք բարձրացնում մենք և ՌԴ-ն, ինչու է այդ հարցը ծագում: Այո, բազում խնդիրներ կան, բայց այնպես չէ, որ բոլորը փոխկապակցված են»,- ասաց նա: