Ի պատասխան անցած շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ի հարձակման՝ Իսրայելը դադարեցրել է ջրի, գազի և սննդի մատակարարումը Գազայի հատված: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ շրջափակումը չի համապատասխանում միջազգային իրավունքին: Նա այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին գործերի նախարարների արտակարգ հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել է դաշինքի արձագանքը Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացմանը:
«Փաստն այն է, որ այս պահին Գազայում զոհերի թիվն ավելանում է, 150 հազար մարդ ներքին տեղահանված է։ Այնտեղ հումանիտար իրավիճակը չափազանց ծանր է, ուստի մենք ստիպված կլինենք ավելի մեծ աջակցություն ցուցաբերել։ Ոչ պակաս, այլ ավելի շատ»,- ասել է Բորելը։
Նախարարական հանդիպումն անցել է լարված մթնոլորտում այն բանից հետո, երբ երկուշաբթի ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հունգարացի եվրահանձնակատար Օլիվեր Վարհեին միակողմանի հայտարարել է, որ ԵՄ-ն անհապաղ դադարեցնում է գումարի տրամադրումը Պաղեստինի իշխանություններին զարգացման կարիքների համար: Նրա հայտարարությունը դատապարտել են Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան և Բելգիան, որոնք կարծում են, որ նա դրա իրավասությունը չունի:
ԵՄ-ի արտակարգ մարդասիրական օգնությունը պաղեստինցիներին չի դադարեցվել, սակայն ԵՄ-ն վերանայում է ֆինանսավորվող որոշ զարգացման ծրագրեր: Ժոզեպ Բորելն ասել է, որ անդամ երկրների ճնշող մեծամասնությունը պաշտպանում է պաղեստինցիներին հետագա օգնության տրամադրումը։