Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայում գազային հաբի նախագծի նկատմամբ։
Նրա խոսքով` նախագիծն առաջին փուլում նախատեսում է եվրոպական մայրցամաքում ստեղծել գազի առևտրի էլեկտրոնային հարթակ։
«Սրանով հետաքրքրված են բոլորը՝ մենք, մեր թուրք ընկերները, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել մեր ռեսուրսները եվրոպական մայրցամաքում։ Այսօր մենք այնտեղ՝ Թուրքիայի տարածքով գազ ենք մատակարարում երկու երթուղիով՝ «Թուրքական հոսքով» և «Կապույտ հոսքով», որոնք աշխատում են արդյունավետ և ամբողջությամբ լցված են: Սկզբունքորեն, մենք գաղափարներ ունենք ընդլայնելու այդ հնարավորությունները, բայց, կրկնում եմ, առաջին փուլն էլեկտրոնային առևտրի հարթակի ստեղծումն է»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մեծ խնդիրներ չի տեսնում հանգույցի ստեղծման հարցում, քանի որ այդ նախագծով հետաքրքրված են և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը։
Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայում գազային հաբի նախագծի նկատմամբ, և հույս է հայտնել, որ մյուս շահագրգիռ երկրները նույնպես կմիանան այդ նախագծին։