Ժնևում հոկտեմբերի 11-ին ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակում 34 երկիր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որում խոր մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։ Համատեղ հայտարարությունն ընթերցել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղկալ Կրիստին Տուդիչը։
Համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների շուրջ ստեղծված ծանրագույն ճգնաժամով, ինչպես նաև վերջին շաբաթներում Լեռնային Ղարաբաղից բնակչության տեղահանությամբ:
Ըստ տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելության զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100.000 մարդ, տեղահանվել է Հայաստան: Զեկույցում իրավամբ նշվում են այն տառապանքները, որոնց նրանք ենթարկվել են նման փորձության արդյունքում:
Հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 19-ին իրականացրած ռազմական գործողության, ինչպես նաև ինն ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով, ինչը հանգեցրել է հումանիտար ծանրագույն իրավիճակի:
Ողջունում ենք, որ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքը ս.թ. սեպտեմբերի 26-ին կատարած իր հայտարարության մեջ կոչ է անում հարգել էթնիկ հայերի իրավունքները, պաշտպանել քաղաքացիական անձանց և խստորեն հետևել միջազգային իրավունքի պահանջներին: Լիովին համաձայն ենք, որ «մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի գրանցված խախտումները պետք է ուսումնասիրվեն, այդ թվում՝ անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննության միջոցով»:
Համոզված ենք, որ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի հաջորդ համապատասխան քայլը պետք է լինի մարդու իրավունքների անմիջական մշտադիտարկումը Լեռնային Ղարաբաղում, հանդիպումները փախստականների և տեղահանված անձանց և ԼՂ-ում դեռևս մնացած հայերի հետ, ինչի արդյունքների մասին պետք է զեկուցվի Մարդու իրավունքի խորհրդին: Ուստի, կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հրավեր ուղղել Բարձր հանձնակատարի գրասենյակին, որպեսզի այն հնարավորինս արագ կարողանա տրամադրել իր տեխնիկական աջակցությունը:
Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղում դեռևս մնացած հայերի անվտանգությունն ու իրավունքները և անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան գնալ իրենց տները: Հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը ևս պետք է երաշխավորվի:
Նաև, կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ս.թ. սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի, 2023 թ. փետրվարի 22-ի և 2023 թ. հուլիսի 6-ի որոշումները:
Կոչ ենք անում Հայաստանին՝ միջազգային համայնքի աջակցությամբ շարունակել մարդասիրական օգնություն տրամադրել ճգնաժամի հետևանքով տեղահանված անձանց:
Միջազգային առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ էական է օժանդակություն տրամադրելու, անկողմնակալ մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող զեկույցներ կազմելու համար։
Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է անվերապահորեն հարգվեն: Մենք մեծապես աջակցում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը՝ համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու համար:
Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին և կդիտարկենք յուրաքանչյուր և բոլոր հետագա քայլերը, որոնք կարող է նախաձեռնել և կիրառել Մարդու իրավունքների խորհուրդը:
ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կանադա, Կիպրոս, Հայաստան, Հունաստան, Ճապոնիա, Մալթա, ՄԹ,
Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Ուրուգվայ, Ֆինլանդիա, Ֆրանսիա: