Իլհամ Ալիևն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի ներկայացուցիչները: Ադրբեջանի նախագահը նշել է, որ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման և խաղաղության հաստատման հնարավորություն է ստեղծվել, և Բաքուն կարծում է, որ դրան այլընտրանք չկա:
Ալիևը նշել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառներից էր այն, որ Հայաստանը, իբր, տարածքային պահանջներ էր ներկայացնում Ադրբեջանին, իսկ սեպտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները որոշեցին ընտրություններ անցկացնել և նոր ղեկավար ընտրել, ինչը Ադրբեջանին ստիպեց գործողությունների դիմել: Հատկանշական է, որ Ալիևը կրկին պնդել է, թե ադրբեջանական ուժերը չեն թիրախավորել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական օբյեկտները, իսկ խաղաղ բնակչությունը, իբր, չի տուժել:
Նա մեղադրել է Արևմուտքին, նշել՝ որոշ երկրներ, մասնավորապես Ֆրանսիան, սադրիչ արշավ էին սկսել Ադրբեջանի դեմ՝ բոլոր մեղքերը բարդելով Բաքվի վրա: Ալիևը մեղադրել է նաև արևմտյան ԶԼՄ-ներին՝ տարածաշրջանային վերջին զարգացումների կողմնակալ լուսաբանման համար:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին, Ալիևը նշել է, որ Բաքուն չի պատրաստվում ընդունել Փարիզի միջնորդական ջանքերը:
Ալիևը նաև տարակուսանք է հայտնել, թե ինչո՛ւ է Հայաստանի վարչապետը գնացել Գրանադա, իր բնորոշմամբ՝ ինչ-որ անհասկանալի հանդիպման մասնակցել, որտեղ քննարկել են Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի: Ի դեպ, Հայաստանի վարչապետը Գրանադայի հանդիպումից մեկ օր առաջ, երբ հայտնի դարձավ, որ Բաքուն չի մասնակցելու նախապես հայտարարված հնգակողմ բանակցություններին, ափսոսանք էր հայտնել այդ որոշման համար, նաև ընդգծել, որ Երևանը գնալու է և ներկայացնելու հայկական կողմի տեսակետները: Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի և Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ Ադրբեջանի անունն ընդամենը երեք անգամ է հիշատակվում՝ երբ նշվում է, որ կողմերը հավատարիմ են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին և երկրների սահմանների անձեռնմխելիությանը, տարածքային ամբողջականությանը: Երրորդ դեպքում՝ Ադրբեջանին, ինչպես նաև Հայաստանին կոչ է արվում ազատ արձակել գերիներին:
Ալիևը, դատապարտելով Արմուտքի դերակատարումը, բարձր է գնահատել Մոսկվայի միջնորդական ջանքերը: «Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, Հայաստանի դաշնակիցն էլ է: Ռուսաստանը գտնվում է մեր տարածաշրջանում՝ ի տարբերություն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրների»,- ասել է Ալիևը։
Նա հավելել է, որ հոկտեմբերի 12-ին ռուսական կողմի առաջարկով Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, սակայն Երևանը հրաժարվել է: Գրանադայի հանդիպումից մեկ օր առաջ հրաժարված Ալիևը սա մեկնաբանել է, թե Երևանը խաղաղություն չի ուզում: Հայաստանի ԱԳՆ-ն մինչդեռ պարզաբանել էր, որ դեռևս հոկտեմբերի 4-ին Երևանը գրավոր տեղեկացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ Բիշքեկում խորհրդի նիստին մասնակցելու է Հայաստանի արտգործնախարարի տեղակալը:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ եթե հայկական կողմը մերժի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում ՌԴ միջնորդությունը, դրան այլընտրանքը կարող են լինել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ բանակցությունները։