ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների հետ հանդիպումը կայացել է: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ասուլիսի ժամանակ այն արդյունավետ որակեց:
Ըստ նախարարի տեղակալի՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ քննարկվել են այն գաղափարներն ու ծրագրերը, որոնք էկոնոմիկայի նախարարությունը նախորդ շաբաթ մշակել և ներկայացրել է Կառավարություն հաստատման: Դրանք հիմնականում վերաբերում են ինչպես սկսնակ գործարարներին, այնպես էլ կայացածներին, որոնք իրենց արտադրական կարողությունները, արդյունաբերական հզորությունները կորցրել են ԼՂ-ից բռնի տեղահանման պատճառով: Նմանատիպ ծրագիր արդեն իսկ գործում է ՀՀ-ում. խոսքը տնտեսական արդիականացան միջոցառման մասին է:
«Խոսքը վարկավորման արտոնյալ պայմանների մասին է. էկոնոմիկայի նախարարությունը մինչև 10 տոկոսային կետով սուբսիդավորում է վարկեր և լիզինգ մեքենասարքավորումների ձեռքբերման համար: Վարկերն ու լիզինգը տրվում են այն գործարարներին, որոնք պատրաստվում են Հայաստանում գնել նոր մեքենասարքավորումներ և կարող են նաև ծածկել դրանց մոնտաժման հետ կապված կապիտալ շինարարության ծախսերը:
Ոլորտները բավականին ներառական են՝ սկսած մշակող արդյունաբերությունից վերջացրած շինարարությամբ և հյուրանոցային տնտեսություններով: Գործարարները, բիզնեսմենները կարող են դիմել և ստանալ համապատասխան վարկավորումը արտոնյալ պայմաններով:
Մենք ծրագիրը մեկնարկել ենք նախորդ տարի՝ մարտ-ապրիլին, առավել մեծ թափ հավաքել է ծրագիրը մայիսից սկսած, և այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ 2500-ից ավելի կնքված պայմանագրեր ունենք և 400 միլիոն դոլարից ավելի տրված վարկեր ու լիզինգ ունենք մասնավոր հատվածին, որը սուբսիդավորվում է Կառավարության կողմից:
Ծրագիրը շարունակական է, և մենք մշակել ու Կառավարությանն ենք ներկայացրել որոշակի փոփոխություններ, որոնք կփորձեն հնարավորինս դյուրացնել գործընթացը այն գործարարների համար, որոնք իրենց բիզնեսը կորցրել են ԼՂ-ում տեղի ունեցած վերջին պատահարների հետևանքով»,- ասաց նախարարի տեղակալը:
Ռաֆայել Գևորգյանը տեղեկացրեց, որ կան նաև գյուղատնտեսական նշանակության ծրագրեր, որոնց հետ կապված առաջիկայում ևս մեկ քննարկում տեղի կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների հետ: Հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 12-ին: