Իսրայելական բանակը լայնածավալ հարձակում է սկսում Գազայի հատվածի դեմ՝ հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը: Նա տեղեկացրել է, որ վերականգնել են վերահսկողությունը Իսրայելի տարածքի նկատմամբ: «Ես վերացրել եմ բոլոր սահմանափակումները: ՀԱՄԱՍ-ը փոփոխություն էր ուզում Գազայում: Ամեն ինչ, իրոք, կփոխվի 180 աստիճանով: Մենք կոչնչացնենք նրանց, ովքեր կփորձեն գլխատել, սպանել կանանց ու Հոլոքոստը վերապրածներին»,- ասել է Յոավ Գալանտը Գազայի հատվածի հետ սահմանի մոտ իսրայելցի զինվորների հետ հանդիպման ժամանակ։ Նախարարը հավելել է, որ պատերազմը կարող է ձգվել «շաբաթներ կամ ամիսներ»։
Իսրայելի զինված ուժերը հայտարարել է, որ գիշերը տասնյակ հարվածներ են հասցվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին: Իսրայելական կողմի տվյալով՝ զինվորականները պատասխան կրակ են բացել նաև Սիրիայի և Լիբանանի ուղղությամբ: Լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 7-ից ի վեր ոչնչացվել է Իսրայելի տարածք ներխուժած առնվազն հազար պաղեստինցի զինյալ: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալով էլ՝ Գազայի հատվածում զոհվել է 950-ից ավելի մարդ, այդ թվում՝ շուրջ 300 երեխա, ավելի քան 5 հազար մարդ վիրավորվել է։ Իսրայելական կողմը հայտնում է 1200-ից ավելի զոհի մասին:
Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շտայեն մտահոգություն է հայտնել, որ էսկալացիայի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի, ջրի և վառելիքի մատակարարումը դադարեցնելու՝ Իսրայելի որոշման պատճառով Գազայի հատվածում հումանիտար աղետի լուրջ սպառնալիք կա։ Նա պահանջել է «անվտանգ միջանցքներ բացել սննդամթերքի և բժշկական օգնության համար»։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին ուղերձով է հանդես եկել ԱՄՆ նախագահը, նա բացարձակ չարիք է որակել ՀԱՄԱՍ-ի գործողությունները: Բայդենի խոսքով՝ Իսրայելում զոհվել է Միացյալ Նահանգների առնվազն 14 քաղաքացի: «Մենք Իսրայելի կողքին ենք: ՀԱՄԱՍ-ը չի պաշտպանում Պաղեստինի ժողովրդի արժանապատվությունը և ինքնորոշման իրավունքը: Նրա նպատակը Իսրայելը ոչնչացնելը և հրեա ժողովրդին սպանելն է»,- ասել է Ջո Բայդենը։ Նա տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգներն ավելացնում է Իսրայելին ռազմական աջակցությունը, տրամադրելու է հետախուզական տվյալներ և փորձագիտական աջակցություն: Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ պաշտպանության նախարարությունն ավիակիր է ուղարկել Մերձավոր Արևելք, որի նպատակն է կանխել երրորդ երկրների՝ հակամարտությունը սրելու հնարավոր փորձերը: Մինչ այդ Իսրայելական բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտնել է, որ ամերիկյան զինամթերքով առաջին ինքնաթիռն արդեն Իսրայելում է: