Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Գրիգոր Մինասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի նշանակման կապակցությամբ ու ողջունել Բելգիայի կառավարության որոշումը Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա զարգացնել հայ-բելգիական հարաբերությունները:
Կարևորվել է արդեն իսկ ձևավորված երկուստեք համագործակցությունը՝ իրավական փոխօգնության ոլորտում:
Գրիգոր Մինասյանն իր երախտագիտությունն է հայտնել Բելգիայի Թագավորությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հասցեական ուղերձների համար:
Դեսպան Էրիկ Դե Մույնքը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր աջակցությունն է հայտնել արդարադատության ոլորտի բարեփոխումներին:
Դեսպանը ողջունել է Հռոմի ստատուտի վավերացման հարցում Հայաստանի Հանրապետության ցուցաբերած ջանքերը, քանի որ այն կնպաստի մարդկության դեմ հանցագործությունների կանխմանը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է փորձի փոխանակման կարևորությունը:
Երկուստեք կարևորվել է ընտանեկան բռնության դեմ պայքարում իրականացվելիք աշխատանքներն ու համագործակցության հնարավորությունը: Նախարարը տեղեկացրել է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարում օրենսդրական դաշտում մի շարք փոփոխություններ են իրականացվել, սակայն այս ուղղությամբ դեռևս անելիքներ կան:
Կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարում նախարարության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները: Նախարարն ընդգծել է, որ շուտով կընդունվի Հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, որտեղ նախանշվել են այն հիմնական ուղղությունները, որոնց շնորհիվ կշարունակվի պայքարը կոռուպցիայի դեմ: Նշվել է նաև ազդարարման ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները:
Դեսպանը հետաքրքրվել է նաև դատական համակարգի ծանրաբեռնվածության թեթևացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներով: Ինչին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում արդարադատության ոլորտի թվայնացման ուղղությամբ, բացի այդ ընդհանուր իրավասության դատարանից դուրս են բերվել գումարի բռնագանձման որոշ քաղաքացիական գործեր և հանձնվել են նոտարների իրավասությանը: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ դատավորների աշխատավարձի բարձրացման շնորհիվ՝ ներկայումս դատական համակարգում աշխատելը դարձել է գրավիչ, բացի այդ՝ բարդ, միջազգային ստանդարտներին համապատասխան քննություն հանձնելով դատական համակարգը համալրվել է նոր դատավորներով:
Գրիգոր Մինասյանը ներկայացրել է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման արդյունավետությունն ու համագործակցության ուղղությունները: Անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող ազատազրկված անձանց կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերի իրականացմանը: