Հոկտեմբերի 7-ին պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ոստիկանները անասնագողության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել։ Նրանք Արզական գյուղի հանգստյան գոտիներից մեկի մոտակա արոտավայրում հայտնաբերել են մորթված 2 խոշոր եղջերավոր անասուն, իսկ ոչ հեռու՝ կայանված Opel և Nissan մակնիշի մեքենաներ։
Հաղորդումն արագ փոխանցվել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից էլ նշված վայր է մեկնել նաև օպերատիվ խումբ։ Չարենցավանի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են հանցագործությունը։
Պարզվել է, որ 37-ամյա արզականցու անասուններին արոտավայրում մորթել և փորձել էին գողանալ Աբովյան և Չարենցավան քաղաքների երեք բնակիչ։ Նրանք հայտնաբերվել, ձերբակալվել, ապա ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։