Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տելեգրամյան էջում Գազայի հատվածի հրթիռակոծության տեսանյութ է հրապարակել, գրել. «Մենք սկսել ենք, Իսրայելը կհաղթի»։ Ժողովրդին ուղղված ելույթում էլ Նեթանյահուն տեղեկացրել է, որ մի շարք ահաբեկիչներ դեռ Իսրայելի տարածքում են, երկրի ուժերն ամեն րոպե աշխատում են նրանց վերացնելու ուղղությամբ:
«Նրանք երեխաների են մահապատժի ենթարկում, երիտասարդ տղամարդկանց ու կանանց թիկունքից գնդակահարում: Մենք միշտ գիտեինք՝ ինչ է ՀԱՄԱՍ-ը, հիմա ողջ աշխարհը գիտի: Մենք կհաղթենք նրանց, ինչպես առաջադեմ աշխարհը հաղթեց Իսլամական պետությանը»,- ասել է Նեթանյահուն:
Իսրայելի նախագահը խորհրդարանական ընդդիմությանը կոչ է արել համախմբվել և կոալիցիոն կառավարություն կազմել՝ առանց նախապայմանների:
Մինչ այդ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իսրայելական ուժերը օդային և ծովային հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ շարժման, ինչպես նաև Գազայի հատվածում գտնվող «Իսլամական ջիհադ» խմբավորման ռազմական հարյուրավոր օբյեկտների, այդ թվում՝ մզկիթների։ Զոհված պաղեստինցիների թիվը հատել է 700-ը, հայտնի է 4000 վիրավորի մասին: Գազայի հատվածում ներքին տեղահանվածների թիվը հատել է 187 հազարը:
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է առնվազն 4 500 հրթիռ, ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 900 իսրայելցի, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի 10-ից ավելի քաղաքացի, 2600-ից ավելի մարդ վիրավորվել է:
Իսրայելական կողմի պաշտոնական տվյալով էլ՝ այժմ հայտնի է ավելի քան 100 գերեվարվածի մասին: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստ են Իսրայելի հետ բանակցություններ վարել զինադադարի, բայց ոչ գերիների հարցով: ՀԱՄԱՍ-ն սպառնացել է Իսրայելի կողմից առանց նախազգուշացման յուրաքանչյուր հարվածի դիմաց մահապատժի ենթարկել իսրայելցի մեկ պատանդի։
Լարված է իրավիճակը նաև Իսրայելի և Լիբանանի սահմանին: Իսրայելական կողմը հայտնել է՝ Լիբանանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, նախազգուշացրել «Հեզբոլլահին»՝ չչարաշահել հրեական պետության համբերությունը: Ըստ ԶԼՄ-ների՝ Իսրայելը լրացուցիչ ուժեր է տեղակայում սահմանին՝ հակահարված տալու «Հեզբոլլահի» հնարավոր հարձակմանը: