ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» (ԱԽՈԵ – TPQI) ծրագրի իրականացման աջակցման առաքելության ներկայացուցիչներին՝ ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինաթի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԽՈԵ ծրագրի իրականացման ընթացքը և Համաշխարհային բանկի հետ նոր նախագծեր սկսելու հնարավորությունները:
Մանրամասն անդրադարձ է կատարվել այն աշխատանքներին, որոնք ձեռնարկվում են ԱԽՈԵ-ի շրջանակներում, մասնավորապես՝ «Ինժեներական քաղաքի» կառուցման, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի նոր մասնաշենքի վերակառուցման, Սուպերհամակարգչային կենտրոնի ստեղծման, Ազգային վենչուրային հիմնադրամի ձևավորման ուղղությամբ:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանն արձանագրել է ԱԽՈԵ ծրագրի իրականացման ուղղությամբ նկատվող դրական առաջընթացը և ընդգծել է, որ իրականացվող ծրագրերն ուշադրության կենտրոնում են, նաև պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունն առաջարկված նոր ուղղություններով: