ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն այն համոզման է, որ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիայի և դրան հաջորդած՝ Լեռնային Ղարաբաղի ինքնալուծարման որոշումից հետո էլ, երբ տարածաշրջանը լքեց ավելի քան 100 հազար հայ, ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը մնում է ավելի քան պահանջված։
Նա բացատրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև շփումներ են անցկացվում, որոնց մասնակցում են նաև ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչները, և նրանց աջակցությամբ էլ լուծվում են մի շարք բարդ հարցեր:
Գալուզինի խոսքով` ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը չի սպառել իրեն, այն դեռ պահանջված է, քանի որ այնտեղ դեռևս հայեր կան, հեռացածներից շատերն էլ, հնարավոր է, կցանկանան վերադառնալ, և «խաղաղապահների առկայությունն այդ մարդկանց համար կդառնա հանգստության լրացուցիչ գործոն», համոզված է ռուս դիվանագետը: