Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կառավարության Հարավային Կովկասի, Մոլդովայի Հանրապետության և Կենտրոնական Ասիայի երկրների հետ միջհասարակական համագործակցության համակարգող, Բունդեսթագի անդամ Ռոբին Վագեների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Կարևորել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ու համագործակցության խորացումը: Գոհունակությամբ արձանագրել են ընթացիկ տարում Հայաստանի և Գերմանիայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվացումը, բարձր մակարդակի փոխայցելությունները:
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը գերմանական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքներին: Զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգներին:
Գերմանական կողմին ներկայացվել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։