Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը կայացել է հուլիսի 2-ին, որի արդյունքում կողմերը արձանագրել են նկատելի առաջընթաց Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ՝ հիշեցրել է դիվանագետը: Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին լրագրողի հարցին պատասխանելիս ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը կիրառել է «Մեղրիի երթուղի» ձևակերպումը։
«Այնուամենայնիվ, խոսքը Հայաստանի տարածքով երկաթուղու մասին է, ուստի ես ինձ թույլ կտամ օգտագործել «Մեղրիի երթուղի» անվանումը: Այո՛, Ադրբեջանում դա կոչվում է «Զանգեզուրի միջանցք»։ Այսպես ասենք, որ այդ ձևակերպումը գոհացնի բոլորին։ Մենք ակտիվորեն օգնում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին համաձայնության հասնելու հարցում։ Կարծում ենք, որ այդ պայմանավորվածությունը շատ կարևոր գործոն կլինի Հարավային Կովկասում ընդհանուր կայունացման համար։ Այն կնպաստի Հարավային Կովկասի բոլոր պետությունների տնտեսական զարգացմանը, որովհետև Հայաստանն այդ դեպքում հնարավորություն կստանա դառնալ տրանսպորտային-լոգիստիկ հանգույց, կամրապնդի և կընդլայնի իր տրանսպորտային կապերը և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի հետ»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կստանա երկրի երկու հատվածների միջև անխափան, ռիթմիկ տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն։ Եվ Հարավային Կովկասում իրավիճակի ընդհանուր կայունացումը կծառայի Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագայի համար վստահության հիմքերի ամրապնդմանը։ Անդրադառնալով այսպես կոչված «միջանցք» բացելու նպատակով Ադրբեջանի կողմից նոր ռազմական էսկալացիայի հնարավորությանը՝ դիվանագետը նշել է՝ դրանից հնարավոր է խուսափել միայն բանակցությունները շարունակելու և փոխընդունելի լուծումներ գտնելու միջոցով: