Բռնի տեղահանվածների անչափահասների մասով դիմումներն ընդունվում են շաբաթ օրվանից. գործընթացը պարտադիր է
Շուրջ 52 600 անձ ստացել է 100 հազար դրամական աջակցությունը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ անչափահասների մասով դիմումների ընդունման գործընթացը սկսվել է շաբաթ օրվանից, և որ այդ գործընթացը պարտադիր է:
Երկու օրվա ընթացքում՝ մինչև այսօր՝ ժամը 15:00-ը, ընդունվել է անչափահասների մասով 17 139 դիմում, ընդհանուր առմամբ 25 963 անչափահասի վերաբերյալ տվյալներից:
15:00-ի դրությամբ բավարարվել է 1005 դիմում, այսինքն՝ 1005 երեխայի մասով կատարվել է նույնականացում, 306-ը մերժվել են, իսկ 15 828-ը մշակման փուլում են, առաջիկա 1-2 օրվա ընթացքում կավարտվի: Նրանց մասով փոխանցումները կիրականացվեն այս ուրբաթ:
Ինչ վերաբերում է մերժումներին, ապա ըստ ԱՍՀ նախարարի տեղակալի՝ դրանց հիմքերը տարբեր են, բայց ամենատարածված խնդիրն այն է, որ մերժվողը Հայաստան է տեղափոխվել մինչև սեպտեմբերի 24-ը, այսինքն՝ կա՛մ երեխան, կա՛մ մայրը չեն տեղահանվել սեպտեմբերի 24-ից հետո:
«Մեր ծրագրի հիմնական թիրախը, գլխավոր թիրախը սեպտեմբերի 24-ից հետո տեղահանված անձինքն են: Իհարկե լինում են դեպքեր, որ մարդիկ հաշվառվում են որպես սեպտեմբերի 24-ից հետո տեղահանված, այնինչ` նրանք տեղափոխվել են Հայաստան շատ ավելի վաղ. սա պատճառներից մեկն է:
Նաև պատճառ կարող է լինել երկրից բացակայելու հանգամանքը, և ծրագրի պայմաններից մեկը նաև տվյալ պահին շահառուի կամ երեխայի՝ ՀՀ-ում գտնվելն է:
Կարող են լինել նաև տվյալների բազայի հետ որոշակի անհամապատասխանություններ, որովհետև հնարավոր է՝ ՔԿԱԳ-ի մեր տվյալների բազաներում գրանցված չլինեն, այսինքն՝ ամուսնության գրանցումը պատշաճ տեղի ունեցած չլինի, և այս համադրումների արդյունքում հնարավոր չլինի պարզել երեխայի և ծնողների կապը: Այս դեպքում դրանք նույնպես ենթարկվում են պատշաճ ուսումնասիրության, և բավարար հիմքեր ներկայացվելու դեպքում դրանք անպայմանորեն բավարարվում են»,- ասաց նախարարի տեղակալը՝ հիշեցնելով, որ տվյալների ճշտումներից հետո շահառուներն անպայման կստանան համապատասխան աջակցությունը: