Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում մեկնարկել է առանձին գործիքների եզրափակիչը:
Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Նույն վարժությունում եզրափակիչ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ 14.433 միավորով:
Մեդալ նվաճելուն մոտ է եղել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը, որը հանդես է եկել նժույգթափեր վարժության եզրափակչում և հավաքելով 14.600 միավոր՝ զբաղեցրել է 4-րդ տեղը:
Մեր մարզիկների ելույթներին մրցավայրից հետևում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:
Հիշեցնենք՝ առանձին գործիքների եզրափակիչ է դուրս եկել նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Այսօր նա հանդես կգա հենացատկի եզրափակչում: Դավթյանն արդեն ապահովել է Փարիզ-2024-ի անվանական ուղեգիր:
Հայ մարմնամարզիկներն ԱԱ-ին մասնակցում են մարզիչներ Հակոբ Սերոբյանի, Հայկ Նազարյանի և Սոս Սարգսյանի ղեկավարությամբ:
Նշենք՝ սպորտային մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությանը 73 երկրների 400 մարզիկներ են մասնակցում: