Պաղեստինի ժողովուրդը լիարժեք իրավունք ունի ինքնապաշտպանվելու Իսրայելի և հրեա վերաբնակիչների ահաբեկչական հարձակումներից: Նման հայտարարությամբ է հանդես եկել Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբասը։
Նա ընդգծել է միջազգային հանրության կողմից Պաղեստինի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը։
Ավելի վաղ Աբասն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Պաղեստինի քաղաքացիական իշխանությունների և անվտանգության ուժերի ներկայացուցիչները: Քննարկվել է Գազայի հատվածի հետ սահմանին տիրող իրավիճակը:
Առավոտյան հայտնի է դարձել Գազայի հատվածի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծության մասին: Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում մեկնարկում է «Երկաթե թրեր» հակաահաբեկչական գործողությունը: Հրթիռային հարվածներին ի պատասխան՝ իսրայելական ուժերը հարվածներ են հասցնում պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության օբյեկտներին: ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամմադ Դեֆը հայտարարել է Իսրայելի դեմ լայնածավալ գործողություն սկսելու մասին, որը ստացել է «Ալ Աքսայի ջրհեղեղ» անունը: