Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 632 անձ է ժամանել Հայաստան, ներկայումս իրականացվում է տվյալների հաշվառման և նույնականացման գործընթաց:
Ըստ Քաղաքացիության և միգրացիայի ծառայության տվյալների՝ այս պահին 99,3 տոկոսի տվյալները մշակված են, նրանք հաշվառված և նույնականացված են: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Տեղաբաշխումը շարունակվում է ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ Երևանում: Որոշ դեպքերում առաջնային կեցավայր մեկնած մեր հայրենակիցները տեղափոխվում են ավելի հարմար բնակավայրեր, որպեսզի առաջիկա 6 ամսում բնակվեն արդեն վարձակալած բնակարաններում:
ՏԿԵՆ-ից փոխանցած տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ 76 692 մարդ գտնվում է ՀՀ տարբեր մարզերում:
Ըստ մարզերի բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը. Արագածոտնում՝ 4109, Արարատում՝ 18 367, Արմավիրում՝ 8144, Գեղարքունիքում՝ 4895, Լոռիում՝ 4541, Կոտայքում՝ 22 150, Շիրակի մարզում՝ 2168, Սյունիքում՝ 5438, Վայոց ձորում՝ 2303, Տավուշում՝ 3189 անձ:
Ժամանածներից շուրջ 58 հազարի տեղավորման և կեցության հարցում պետությունն արդեն իսկ աջակցել է, մյուսների դեպքում տրամադրվել են որոշակի սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք:
Այս ամենին զուգահեռ՝ Նազելի Բաղդասարյանը հայտնեց՝ թեժ գծին ստացվել են հեռախոսազանգեր, մարդիկ նշել են՝ դեռևս չեն ստացել 100 հազարական դրամները: Նրա խոսքով՝ շուրջ 50 տոկոսի գումարներն արդեն փոխանցվել են ԿԲ-ի տրամադրած բանկային քարտերի տվյալներին, մյուսները իրենց հասանելիք գումարները կարող են ստանալ արդեն երկուշաբթի:
«Հիշեցնեմ՝ շաբաթ և կիրակի օրերին բանկային գործարքներ չեն իրականացվելու, գործընթացը շարունակվելու է երկուշաբթի օրվանից»,- տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղարը: