Գազայի հատվածից պաղեստինցիների հարձակման պայմաններում Իսրայելի հիմնական նպատակը երկրի տարածքը ներթափանցած զինյալներից մաքրելն է։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկրի ուժային կառույցների ղեկավարության հետ հրատապ խորհրդակցությունից հետո։
Նրա խոսքով՝ Իսրայելի երկրորդ նպատակը հակառակորդին ստիպելն է անհավանական գին վճարել իր արարքի համար: Իսկ երրորդ նպատակը մյուս ճակատներն ուժեղացնելն է, «որպեսզի ոչ ոք սխալմամբ չմիանա այս պատերազմին»:
«Իսրայելի քաղաքացիներ, մենք պատերազմի մեջ ենք. ոչ թե մարտական գործողության, այլ պատերազմի մեջ: Այսօր առավոտյան ՀԱՄԱՍ-ն անսպասելի սպանիչ հարձակում գործեց Իսրայելի պետության և նրա քաղաքացիների դեմ: Վաղ առավոտյան ես հրավիրեցի անվտանգության հաստատությունների ղեկավարներին և հրամայեցի, առաջին հերթին, ահաբեկիչներից մաքրել համայնքները։ Դա այժմ իրականացվում է։ Միևնույն ժամանակ ես հրամայել եմ պահեստազորի լայնածավալ մոբիլիզացիա իրականացնել: Մենք պատասխան կրակ ենք բացում այն ուժգնությամբ, որը հակառակորդը երբևէ չի իմացել: Հակառակորդը կվճարի աննախադեպ գին: Միևնույն ժամանակ, ես կոչ եմ անում Իսրայելի քաղաքացիներին խստորեն հետևել բանակի հրամանատարության հրահանգներին: Պատերազմում ենք, և մենք կհաղթենք դրանում»,- ասել է Նեթանյահուն: