Ռուսաստանի արտգործնախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ: Գերատեսչությունում նշել են, որ հակամարտությունը չունի ուժային լուծում և կարող է կարգավորվել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Ռուսաստանը պաղեստինյան և իսրայելական կողմերին կոչ է անել դադարեցնել կրակը: Հակամարտության սրման համար ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Արևմուտքին՝ նշելով, որ դա Արևմուտքի կողմից «մերձավորարևելյան քառյակի» (ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ) աշխատանքի արգելափակման հետևանքն է:
Թեհրանն աջակցություն է հայտնել Իսրայելի տարածքում պաղեստինցի արմատականների կողմից սկսված «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողությանը: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ռահիմ Սաֆավին շնորհավորել է պաղեստինցի մարտիկներին գործողության մեկնարկի կապակցությամբ: «Մենք նրանց հետ կլինենք ընդհուպ մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ազատագրումը»,- ասել է պաշտոնյան։
Եվրոպական Միությունը, հակառակը, դատապարտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումները Իսրայելի վրա: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Իսրայելում տիրող իրավիճակին: Նա կոչ է արել դադարեցնել կրակը և համերաշխություն է հայտնել Իսրայելին: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ՀԱՄԱՍ-ի գործողությունները անվանել է «ահաբեկչություն»։
Պաղեստինցիների քննադատությամբ են հանդես եկել նաև Ֆրանսաիյի նախագահ Էմանուել Մակրոնը և Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը: Մակրոնը համերաշխություն է հայտնել Իսրայելին, իսկ Սունակը նշել է, որ Իսրայելը ինքնապաշտպանվելու լիարժեք իրավունք ունի:
Առավոտյան հայտնի է դարձել Գազայի հատվածի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծության մասին: Վերջին տվյալներով՝ կա առնվազն 40 զոհ և ավելի քան 740 վիրավոր: Իսրայելի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում մեկնարկում է «Երկաթե թրեր» հակաահաբեկչական գործողությունը: Հրթիռային հարվածներին ի պատասխան՝ իսրայելական ուժերը հարվածներ են հասցնում պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության օբյեկտների վրա: ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամմադ Դեֆը հայտարարել է Իսրայելի դեմ լայնածավալ գործողություն սկսելու մասին, որը ստացել է «Ալ Աքսայի ջրհեղեղ» անունը: