ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Գազայի հատվածի կողմից Իսրայելի տարածքի զանգվածային գնդակոծությունը: Իսրայելի վարչապետը հայտարարել է Պաղեստինում երկարատև ռազմական գործողություն անցկացնելու անհրաժեշտության մասին: Բայդենը աջակցություն է հայտնել այդ ծրագրին: Ավելի վաղ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելուն:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր հերթին նշել է, որ ԱՄՆ վարչակազմն անվերապահորեն դատապարտում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումները Իսրայելի վրա: «Ահաբեկչությունը երբեք չի կարելի արդարացնել։ Մենք համերաշխ ենք Իսրայելի կառավարության և ժողովրդի հետ: Մենք շարունակելու ենք սերտ կապ պահպանել մեր իսրայելցի գործընկերների հետ։ ԱՄՆ-ը պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- նշել է Բլինքենը:
Առավոտյան հայտնի է դարձել Գազայի հատվածի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծության մասին: Իսրայելը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» հակաահաբեկչական գործողությունը: Հրթիռային հարվածներին ի պատասխան՝ իսրայելական ուժերը հարվածներ են հասցնում պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության օբյեկտներին: ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամմադ Դեֆը հայտարարել է Իսրայելի դեմ լայնածավալ գործողություն սկսելու մասին, որն ստացել է «Ալ Աքսայի ջրհեղեղ» անունը:
Լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելական կողմն ունի 100 զոհ, մոտ 900 վիրավոր: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալով՝ իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 198-ի, տուժել է ավելի քան 1600 մարդ: