Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նշել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատերազմ է հայտարարել իր երկրին: Ավելի վաղ նա կարգադրել էր անվտանգության ոլորտում հատուկ դրություն մտցնել երկրի կենտրոնական և հարավային հատվածներում:
Լրատվամիջոցների տվյալով՝ Իսրայելի բանակը սկսել է երկրի հարավից դուրս բերել ռազմական տեխնիկան, այդ թվում՝ F-16 կործանիչները, որպեսզի այն չհանձնի երկիր ներթափանցած հակառակորդին: Առնվազն 5 մարդ է զոհվել, մոտ 200-ը՝ տարբեր աստիճանի վնասվածք ստացել Իսրայելի տարածքի հրթիռակոծման հետևանքով:
Տեղեկություններ են տարածվում, որ ՀԱՄԱՍ-ին միացել են «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը», «Ալ-Աքսա նահատակների բրիգադները» և «Իսլամական ջիհադը»: Նրանք սկսել են մոբիլիզացնել իրենց մարտիկներին և իրենց պահեստազորը:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտական թևը հանդես է եկել հայտարարությամբ, որ Իսրայելի տարածքում իրականացված գործողության ընթացքում գերեվարել է մոտ 35 իսրայելցի զինվորականների: