Գազայի հատվածից սկսված հրթիռակոծությունների և զինյալների ներթափանցման պայմաններում Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կարգադրել է անվտանգության ոլորտում հատուկ դրություն սահմանել երկրի կենտրոնական և հարավային հատվածներում՝ հայտնել են հրեական պետության ՊՆ մամուլի ծառայությունից։
Հատուկ դրությունն ընդգրկում է Գազայի հատվածից մինչև 80 կմ շառավղով տարածքը, ինչպես նաև Թել Ավիվը և նրա արվարձանները, Երուսաղեմը և Նեգև անապատի մի քանի շրջան: Հատուկ դրությունն Իսրայելի պաշտպանության բանակին թույլ է տալիս քաղաքացիներին անվտանգության ոլորտում ցուցումներ տալ և փակել անհրաժեշտ օբյեկտները:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածի կողմից հրթիռակոծվում է Իսրայելի տարածքը: Երկրի բազմաթիվ բնակավայրերում տագնապի ազդանշան է հնչել: Իսրայելը հայտարարել է զինված ուժերը պատերազմական պատրաստության վիճակի բերելու մասին, սկսվել է պահեստազորայինների հավաքագրումը: Արդեն հայտնի է մեկ զոհի և ավելի քան 80 վիրավորի մասին:
Նշվում է, որ հրթիռային հարվածներին ի պատասխան՝ իսրայելական ուժերը հարվածներ են հասցնում Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտներին, որն էլ ստանձնել է Իսրայելի հրթիռակոծության պատասխանատվությունը:
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամմադ Դեֆը հայտարարել է Իսրայելի դեմ լայնածավալ գործողություն սկսելու մասին: Նա նշել է, որ հրեական պետության ուղղությամբ 5 հազար հրթիռ է արձակվել՝ ազդարարելով «Ալ Աքսայի ջրհեղեղ» կոչվող գործողության սկիզբը: Նա կոչ է արել բոլոր պաղեստինցիներին զենք վերցնել։ Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումից հայտարարել են, որ միանում են ՀԱՄԱՍ-ի գործողություններին: