Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի ցուցաբերած աջակցության ընթացքը:
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում լույս աշխարհ են եկել երեխաներ: Այդ մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նա նշեց, որ 31 ծնունդ է գրանցվել ՀՀ-ում, որից 11-ը՝ Երևանում, իսկ 20-ը՝ մարզերում: Գեղարքունիքում՝ ծնվել է 1, Շիրակում՝ 2, Արարատում՝ 3, Լոռիում՝ 1, Կոտայքում՝ 4, Արմավիրում՝ 3, Տավուշում՝ 1 և Սյունիքում՝ 5 երեխա:
Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն էլ նշեց, որ Արարատի մարզում բռնի տեղահանված անձանց թիվն այս պահի դրությամբ 19 054 է: «Արտաշատ համայնքում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության պատշաճ պայմանների համար լայնածավալ աշխատանքներ ենք իրականացվում: Գործընթացի առաջին իսկ օրերից համայնքապետարանը աշխատում է արտակարգ ռեժիմով. ձևավորվել են աշխատանքային խմբեր, նշանակվել պատասխանատուներ, հաշվառման կենտրոնում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն»,- ասաց Կառլեն Մկրտչյանը:
Նազելի Բաղդասարյանը հիշեցրեց, որ բռնի տեղահանված ավելի քան 13 000 անձ հաշվառվել է որևէ առաջնային բժշկական հաստատությունում, և դա հնարավորություն է տալիս պետությանը՝ ավելի նպատակային օգնություն ցուցաբերել և առողջապահական բոլոր խնդիրները վեր բարձրացնել: