ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը ՀՀ Կառավարության հումանիտար կենտրոնում կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանին ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցությանը:
«Եկել եմ ցուցադրելու Եվրամիության ամբողջական աջակցությունը Հայաստանին, հայ ժողովրդին, հատկապես Ղարաբաղից տեղահանվածներին: Ինչպես գիտեք, Եվրամիությունը խստորեն դատապարտում է վերջերս ադրբեջանական զինուժի ռազմական գործողությունը Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ: Այդ ռազմական գործողության հետևանքով Ղարաբաղից տարհանվեց 100 հազարից ավելի մարդ:
Այս դժվար իրադրության ժամանակ նրանք կարող են ստանալ Եվրամիության ամբողջական աջակցությունը: Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վերջին գործողություններից հետո մենք շատ արագ կազմակերպեցինք ավելի քան 5 միլիոն եվրո մարդասիրական օգնություն, իսկ մի քանի օր հետո այն կրկնապատկեցինք: Այժմ այդ օգնությունը, որը նախատեսված է Ղարաբաղից տեղահանվածների համար, գնահատվում է 10 միլիոն եվրոյից ավելի:
Բացի այդ, մի քանի ժամից Հայաստան կառաքվի մարդասիրական օգնության պարագաներ, որի նպատակն է աջակցել օգնության կարիք ունեցողներին: Պետք է ընդգծեմ Հայաստանի իշխանությունների բոլոր մակարդակների կողմից իրադրության շատ արագ ու արդյունավետ կառավարումը: Պետք է ողջունեմ նաև հասարակ մարդկանց աջակցելու պատրաստակամությունը»,- ասել է եվրահանձնակատարը: