ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ապօրինաբար առևանգված և բանտերում պահվող ԼՂ նախկին ղեկավարների խնդրին: X-ի իր միկրոբլոգում նա գրել է.
«Ադրբեջանի անվտանգության աշխատակիցները վերջերս տեսանյութեր են տարածում Ստեփանակերտից առևանգված և ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասին։ Նրանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նախկին և ներկա, ընտրված կամ նշանակված ներկայացուցիչներն են։ Բացի առօրյա նվաստացուցիչ տեսարաններից, ադրբեջանական քարոզչությունը լուրեր է տարածում նաև այս կամ այն անձի իբր տված ցուցմունքների մասին։
Նախ ուզում եմ նշել, որ ցանկացած պատանդի կամ գերու ցուցմունքը համարվում է անթույլատրելի ապացույց և չի կարող հիմք հանդիսանալ որևէ մեղադրանքի համար, քանի որ ադրբեջանական հատուկ ծառայություններն այդ ցուցմունքները ստանում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտմամբ։ Ավելորդ է նույնիսկ ասել, որ պատանդներին հնարավորություն չի տրվում ունենալ իրենց նախընտրած պաշտպանը, կանգնել օրենքով ստեղծված անկախ և անաչառ դատարանի առջև, չունեն արդար դատաքննության հնարավորություն:
Իսկ եթե նրանք ինչ-որ վկայություն են տալիս, ապա դա տալիս են խոշտանգումների և կյանքի իրավունքի ոտնահարման սպառնալիքով։ Այդ մարդկանցից բոլոր ցուցմունքները ձեռք են բերվել ՄԻԵԿ-ի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կոպիտ խախտումներով:
Ավելին, ըստ Freedom House-ի՝ Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ընտրված առաջնորդներին հաջողվել է ստեղծել ժողովրդավարություն, որը 37 միավորով գնահատվել է «մասամբ ազատ»: Մինչդեռ այժմ նրանք առևանգված են և կեղծ մեղադրանքներով անօրինական կալանավորված Ադրբեջանում, մի համակարգում, որը Freedom House-ի կողմից գնահատվել է «ոչ ազատ»՝ 9 միավորով։ Freedom House-ը «Ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցում մարդկանց քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հասանելիությունը գնահատում է 210 երկրում և տարածքում. անհատական ազատություններ՝ սկսած ընտրելու իրավունքից մինչև խոսքի ազատություն և օրենքի առջև հավասարություն:
Ուստի Ադրբեջանի ողջ քարոզչությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ Ադրբեջանի բանտերում գերի ընկած և ապօրինի բանտարկված բոլոր ներկայացուցիչների վերաբերյալ, որևէ արժանահավատություն չի կարող ունենալ։ Բոլոր ռազմագերիները և պատանդները, անկախ նրանց քաղաքական և/կամ այլ դերից՝ ընտրված կամ նշանակված, պետք է անհապաղ ազատ արձակվեն»։