Ռուսաստանը շարունակելու է հետևողական ջանքերը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը համակողմանի օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության կոչի՝ Ռուսաստանը սկսեց մատակարարել հանրապետությանն անհրաժեշտ նավթամթերքը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է։ Ինչպես հայտնի է դարձել գործընկերների հարցումից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը բարդ է։ Երկիրը գրեթե սպառել է ընթացիկ տարվա համար հաստատված հաշվեկշիռը։ Առջևում աշուն-ձմեռ սեզոնն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին և օգտակար կլինի։
Չնայած սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի կառավարությունը որոշում էր ընդունել ժամանակավորապես արգելել մեր երկրից ապրանքային բենզինի և դիզվառելիքի արտահանումը, ռուսական կողմն ընդառաջել է դաշնակիցներին՝ 2013 թ. դեկտեմբերին ստորագրված համապատասխան միջկառավարական համաձայնագրի շրջանակում։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով ցուցաբերվող օգնությունից բացի, հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ի ճեպազրույցը, ՌԴ ԱԻՆ-ը ուշադրության է արժանացրել իր գործընկերների խնդրանքը՝ Ղարաբաղի հայերին առաջիկա, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ: Росрезерв-ի հետ համատեղ արդեն ձևավորվել է առաջնային ապրանքների ցուցակը, որոնք հնարավոր կլինի հանրապետություն ուղարկել առաջիկա օրերին։
Վերջնական փուլում մարդասիրական օգնություն կտրամադրեն հայրենական այնպիսի մարդասիրական կազմակերպություններ, ինչպիսիք են Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը, Ելիզավետա Գլինկայի «Բժիշկ Լիզա» և «Շտապե՛ք բարիք գործել» հիմնադրամները: Բեռները հանրապետություն կհասցնեն Ռուսաստանի օդատիեզերական ուժերը:
Հաջորդ շաբաթ ռուս դիվանագետները դեսպան Կոպիրկինի գլխավորությամբ, կայցելեն Սյունիքի մարզ՝ մարզային իշխանությունների հետ պարզելու անհետաձգելի կարիքները: Այդ աշխատանքները կշարունակվեն նաև այլ շրջաններում, որտեղ տեղահանվածներ կան»,- նշված է հաղորդագրությունում։
«Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով»: Այդ մասին, ի պատասխան Արմենպրեսի, հայտարարել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
«Համաձայն 2013թ.-ին կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ: Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք»,- նշել են նախարարությունում: