Ձեր այցը Հայաստան գնահատում եմ որպես աջակցության քայլ` մեզ համար նման դժվար ժամանակահատվածում: Վստահ եմ` տեղյակ եք Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակին: Շնորհակալ ենք Լիտվայի Հանրապետության կառավարությանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին մարդասիրական աջակցություն տրամադրելու համար, ինչպես նաև կարևորում ենք Հայաստան-ԵՄ փոխհամագործակցությունը. ողջունելով Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում` ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Նա արժևորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը և բարեկամական խմբերի սերտ աշխատանքը:
Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են Սեյմասի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսը և Եվրոպական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մարիուս Մատիյոշաիտիսը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը:
Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ևս գնահատել է երկու երկրների միջև ձևավորված, դինամիկ զարգացող փոխհարաբերությունները:
«Մեր այցի նպատակն է խորացնել համագործակցությունը և օգնել Հայաստանին իր ընտրած ճանապարհին: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում դաժանություններ հարևանների կողմից: Պետք է ամեն կերպ կանխել պատմության կրկնությունը»,- ասել է Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենը:
Բարեկամական խմբի անդամները, զուգահեռներ անցկացնելով Լիտվայի Հանրապետությունում 1990-ական թվականներին տիրող իրավիճակի հետ, կարևորել են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովումը: Ներկայացնելով մանրամասներ տիրող իրավիճակի վերաբերյալ` ընդգծվել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Պատգամավորներն անդրադարձել են խաղաղության օրակարգին, Հայաստանը տնտեսապես զարգացնելուն միտված հստակ ծրագրերին և քայլերին: