Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի իրականացրած ռազմական գործողություններից հետո հանրապետությունն անհուսալի գործընկեր է: Այդ մասին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
«Մենք չենք կարող անցնել մի անվստահելի էներգետիկ գործընկերոջից մյուսը: Սա մեր դիրքորոշումն է»,- ասել է նա:
Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրամիությունը դժվար թե Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառի Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման պատճառով, քանի որ կախված է Ադրբեջանից բնական գազի մատակարարումից։ Ինչպես նշում է պարբերականը, թեև եվրոպացի քաղաքական գործիչները հաճախ պատրաստ են իրենց հայտարարություններում Հայաստանի կողմն ընդունել, Ադրբեջանի ազդեցությունը համայնքի վրա շատ ավելի ուժեղ է, քանի որ Բրյուսելը Կասպից գազը դիտարկում է որպես ռուսական գազի այլընտրանք։ Տնտեսական ճգնաժամը ստիպում է ԵՄ-ին ընտրություն կատարել իր արժեքների և Բաքվի հետ համագործակցության օգուտների միջև, ասվում է հոդվածում։ Թերթի տվյալներով՝ 2022 թվականին Եվրամիությունը Ադրիատիկ գազատարով ներմուծել է ադրբեջանական գազի ընդհանուր ծավալի մոտ 3,4%-ը։
Բաքուն ապագայում կարող է ավելի կարևոր դեր խաղալ համայնքի էներգետիկ ռազմավարության մեջ՝ Թուրքմենստանին մոտ լինելու պատճառով, որը գազի պաշարներով չորրորդն է աշխարհում, նշում է թերթը։ Եվրոպական և ամերիկյան ընկերությունները, ըստ Politico-ի, բանակցություններ են վարում Ադրբեջանի տարածքով գազի տարանցման ենթակառուցվածքներ կառուցելու շուրջ։