Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մանջուրուլ Քարիմ Խան Չոդուրին (նստավայրը՝ ք. Թեհրան):
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում:
«Բանգլադեշի հետ մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում տարբեր նախաձեռնությունների շուրջ և հուսով եմ, որ Ձեր նշանակումն էլ կնպաստի մեր երկրների քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար և նշել, որ աշխարհագրական հեռավորությունը չի կարող խոչընդոտել համագործակցության խթանմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բանգլադեշի միջև փոխգործակցության հնարավոր ուղղություններն ու ոլորտները: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության և գիտության բնագավառներում համագործակցությունն ակտիվացնելու, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների միջոցով երկու երկրների գործարար շրջանակների միջև նոր կապերի և հնարավորությունների ձևավորման անհրաժեշտությանը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ընդհանուր տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ: