Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերին:
Հանդիպմանը մասնակցել են ԵԽ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» երրորդ ծրագրի ղեկավար Նատալյա Ադամյանն ու ծրագրի համակարգող Թամարա Բարբակաձեն:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես՝ հատուկ շեշտադրվել են Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների շրջանակներում վեր հանված խնդիրները:
Անահիտ Մանասյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած լուրջ հումանիտար խնդիրներին և մարդու հիմնարար իրավունքների խախտումներին, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականությանը, որը դրսևորվում է բոլոր հարթություններում։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են առաջիկայում նախատեսվող, մարդու իրավունքների պաշտպանությանը միտված համատեղ ծրագրերի մանրամասները։ Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցելու պատրաստակամությունը։