Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհդի Բազրփաշը երկօրյա այցով Ադրբեջանում է՝ այս տարվա հուլիսին կայացած Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստում հաստատված նախագծերն իրականացնելու համար։ Նրան դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Պաշտոնյաները առանձնազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերություններին, տրանսպորտային ենթակառուցվածքներին և տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր: Մեհդի Բազրփաշը նշել է, որ երկու երկրի հարաբերությունները բնականոն հուն են վերադառնում Իրանի և Ադրբեջանի համատեղ տնտեսական հանձնաժողովի բազմաթիվ հանդիպումների շնորհիվ։
Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի ու Ադրբեջանի փոխվարչապետի մասնակցությամբ Աղբանդ-Քալալեհ սահմանին տեղի է ունեցել ավտոճանապարհային ու երկաթուղային կամուրջների հիմնարկեքի արարողությունը։ Ավտոճանապարհային կամրջով օրական կարող է անցնել մինչև 1100 մեքենա: